Ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովի «Որդին» կինոնկարը հիմնված է անձնական ողբերգության վրա

Armenpress 14:05, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական մրցույթում ընդգրկվել է ռուսական արտադրության «Որդին» կինոնկարը: Այն պատմում է Դիմայի մասին, ով սպանվել է 2013-ի մայիսի 23-ին՝ քսանմեկ տարեկանում: Զորակոչվելով ռուսաստանյան բանակ՝ նա գլխին կրակոց  է ստանում Դաղստանում անցկացվող ռազմական գործողության ժամանակ: Դիմայի ծնողները որդու մահից հետո խոր վիշտ են ապրում, նրանց կյանքը դատարկվում է: Երկու աշխարհներ միահյուսվում են՝ պատկերելու  Դիմայի  կյանքն ու դրա բռնի ավարտը:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովը:

«Այս ժապավենի հիմքում իմ անձնական ողբերգությունն է: Երբ զարմիկս սպանվեց, նրա մայրը, անելանելիությունից ելնելով, ինչ-որ բան անելու ցանկությունից դրդված, ինձ խնդրեց այդ դեպքի մասին ֆիլմ նկարահանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ներկայացրեց Աբատուրովը:

Նա խոստովանեց, որ բնավ հեշտ չէ փառատոնում ցուցադրել կինոնկարը, քանի որ այն չափազանց անձնական ու դրամատիկ գործ է: «Ըստ իս` ժապավենը նաև համամարդկային ուղերձ ունի: Այն վերաբերում է բանակային կյանքին, հակամարտություններին, որոնք տեղի են ունենում այդ դաշտում»,-շեշտեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ ինքը չի ծառայել բանակում, բայց ուսումնասիրել է բանակային կյանքը` ցանկանալով իրողությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին դրանք կան:  

Ալեքսանդր Աբատուրովը Մոսկվայի Մ. Գորկու անվան համալսարանն ավարտելուց հետո դարձել է լրագրող: 2010-ին ավարտել է Լյուսայի կինովավերագրության ֆրանսիական դպրոցը: Նկարահանել է իր առաջին վավերագրական աշխատանքը՝ «Քնած հոգիները», որը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոններում, իսկ Cinéma du Réel ԿՓ-ում արժանացել Ֆրանսիական ինստիտուտի մրցանակին: «Որդին» Աբատուրովի առաջին լիամետրաժ վավերագրությունն է:

 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից  է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am