Ֆրանսիա-Բելգիա. մունդիալի կիսաեզրափակիչից առաջ  

Armenpress 13:48, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր Ֆրանսիան և Բելգիան միմյանց դեմ խաղով կորոշեն, թե ով կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու թիմերն արդեն իսկ սկսում են պայքարը ԱԱ-ի մեդալների համար: Այս խաղում պարտվողը երրորդ տեղի խաղում մրցելու և մեդալակիր դառնալու հնարավորություն կստանա: Կիսաեզրափակիչի զույգերը ֆուտբոլի պատմության մեջ 5-րդ անգամ ներկայացնում են միայն Եվրոպան:

Ֆրանսիան և Բելգիան հրաշալի գիտեն մեկմեկու, քանի որ մինչ այս մրցել են 73 անգամ, և թիմերի առաջին հանդիպումը կայացել է հեռավոր 1904 թվականին: Բելգիան ավելի շատ հաղթանակներ է տոնել (30 անգամ), քան Ֆրանսիան (24 հաղթանակ): 19 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Բելգիայի ազգային թիմն առաջին անգամ է 5 անընդմեջ հաղթանակ տոնում մունդիալում, և «կարմիր սատանաները» դա արեցին բոլոր խաղերի հիմնական ժամանակում` առանց հետխաղյա 11-մետրանոց հարվածների: «Կարմիր սատանաները» ընդհանուր առմամբ չեն պարտվել  նախորդ 24 խաղերում:

Հեռավոր 1986 թվականի աշխարհի առաջնությանը Բելգիան և Ֆրանսիան միմյանց հետ մրցեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար: Այդ խաղում Ֆրանսիան հաղթեց 4:2 հաշվով:

Աշխարհի 2018 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի միջև կկայանա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am