«Դովլաթով». բացահայտելով անվանի գրողի աշխարհը Ալեքսեյ Գերման կրտսերի ֆիլմով  


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լենինգրադ, 1971 թվականի նոյեմբեր: Քաղաքը մառախուղով է պարուրված: Նշվում է հեղափոխության հերթական տարելիցը, բայց երկիրը քաղաքական, տնտեսական, մշակութային առաջխաղացում չունի: Այս ճահճացմանը Սերգեյ Դովլաթովը սեփական փորձից է ծանոթ: Երիտասարդ գրողի ձեռագրերը կանոնավորապես մերժվում են  պաշտոնական լրատվամիջոցներում.  երևույթների ու մարդկանց վերաբերյալ նրա հայացքներն անցանկալի են:

Սա ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի վերջին՝ «Դովլաթով» կինոնկարի սինոփսիսն է, կինոնկարի, որը մեծ հաջողություն է ունեցել Ռուսաստանի կինոթատրոններում: Անվանի գրող Սերգեյ Դովլաթովի աշխարհը պատկերող ֆիլմը 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում է: Այն Երևան է բերել ռեժիսորի կինը և ֆիլմի նկարիչը՝ Ելենա Օկոպնայան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Օկոպնայան պատմում է «Դովլաթովի» հաջողության, ֆիլմի գաղափարի ու գլխավոր դերասան Միլան Մարիչի մասին:

Ֆիլմի գաղափարը

Դովլաթովի դուստրը՝ Կատյան, մի ժամանակ գրել էր Ալեքսեյ Գերման կրտսերին, թե շատ կցանկանար, որ Ալեքսեյն ինչ-որ բան նկարեր հոր գործերից: Բայց ծնվեց այս ֆիլմը: Սա Դովլաթովի կյանքի այն շրջանն է, երբ նա երիտասարդ է, նոր է վերադարձել բանակից: Եվ երիտասարդ, բայց շատ բան տեսած Դովլաթովի ուղին ճշգրիտ է նկարագրված:

Ֆիլմն ամբողջությամբ նկարել ենք Սանկտ Պետերբուրգում:

Դերասանների ընտրությունը

Խելագար քասթինգ ենք արել, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: Նաև Հայաստանում ենք փնտրել դերասաններին, ի դեպ, ֆիլմում հայ դերասաններ էլ կան, և այդպես շատ ճիշտ է:

Այնպես ստացվեց, որ հայտնվեց Միլան Մարիչը՝ Դովլաթովի դերակատարը: Սա նրա առաջին գլխավոր դերն էր կինոյում: Մենք սկսեցինք համագործակցել: Նա այդքան էլ փորձառու չէր, բայց նկարահանումների ընթացքում զգացինք, որ Միլանը շեշտակի հասունացավ:

Ջերմ ընդունելություն այլ երկրներում

Բեռլինում ֆիլմի ցուցադրության ժամանակ ամբողջ դահլիճը լիքն էր: Ոչ ոք դուրս չեկավ ցուցադրության կեսից: Շատ լավ ընդունեցին: Ե՛վ ծիծաղում էին, և՛ կարեկցում հերոսներին:

Ֆիլմի փառատոնային և կինոթատրոնային հաջողությունը

«Դովլաթովը» հասցրել է բազմաթիվ փառատոնների մասնակցել, հիմնականում ոչ մրցութային ծրագրերում: Փառատոններն այնքան շատ են, որ չենք էլ հաշվում, տարվա ընթացքում անընդհատ ճամփորդում ենք: Բացի այդ, կինոնկարը վաճառել ենք ավելի քան 20 երկրում, որպեսզի այն կինովարձույթում հայտնվի: Ի դեպ, Ռուսաստանում այն մեծ հաջողություն է ունեցել հեղինակային ֆիլմերի շարքում:

Ոչ բոլոր կինոթատրոններն էին սկզբում պատրաստ այն վարձույթում ներառել, որովհետև ոչ ոք չէր հավատում ֆիլմի հաջողությանը: Չէ՞ որ սա հեղինակային կինո էր, «Տրանսֆորմերների» պես ֆիլմ չէ: Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց:

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Միլան Մարիչը, Դանիլա Կոզլովսկին, Հելենա Սույեցկան, Արթուր Բեսշչաստնին, Ելենա Լյադովան, Թամար Հովհաննիսյանը և ուրիշներ:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am