Արցախի նախագահը հանձնարարել է ստուգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախում կատարած աշխատանքները. Գառնիկ Իսագուլյան

Armenpress 15:18, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բակո Սահակյանը հանձնարարել է ստուգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախում կատարած բոլոր աշխատանքները: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

«Երբ հեռուստատեսությամբ ցուցադրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի մասին տեսանյութը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն անմիջապես հանձնարարական տվեց` Արցախում հիմնադրամի կատարած բոլոր աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկանքներ ներկայացնել»,- ասաց Իսագուլյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հուլիսի 3-ին Վարդանյանը ձերբակալվել էր:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am