«Պրո Շամիրամ». ժամանակակից կնոջ դիմանկարն ու ստեղծագործելու դժվարությունները՝ կինոյի լեզվով  

Armenpress 13:56, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական իրականությունում շատ բարդ է կին ստեղծագործողների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր Մարիամ Օհանյանը: Նրա վերջին՝ «Պրո Շամիրամ» կինոնկարն ընդգրկված է 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:  

«Հայկական կինոն հիմնականում նկարահանում են տղամարդիկ, կանայք չափազանց քիչ են: Ես ուզում եմ իմ ֆիլմերով ասել, որ կինը ոչ միայն տնային տնտեսուհի է, այլև մի անձնավորություն, որը ձգտում է ստեղծագործել: Հայկական իրականությունում շատ բարդ է լինել կին ստեղծագործող, առկա են բազմաթիվ կաղապարներ: Պետք է ասել, որ ինչքան դժվար է տղամարդու, կրկնակի ավելի դժվար է կնոջ համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիամ Օհանյանը:

Անդրադառնալով իր «Պրո Շամիրամ» կինոնկարին՝ ռեժիսորը նշեց, որ իր ֆիլմի հերոսը կին է: Աիդա Սիմոնը պարուհի, դերասանուհի, պարերի բեմադրիչ, ուսուցիչ և ֆիթնեսի մոդել է: Նա ձեռքից եկող ամեն աշխատանք անում է պարզապես ջրի երեսին մնալու համար:

Ռեժիսոր Օհանյանը մասնակցում է նաև «Պրո Շամիրամ» ներկայացման նախապատրաստական աշխատանքներին: Պիեսը հայ թագավոր Արա Գեղեցիկին սիրահարված Շամիրամի՝ Ասորեստանի հզոր թագուհի մասին է: Աիդայի կյանքի երկընտրանքը փոխանցվում է պիեսի միջոցով, և նա վերածվում է Շամիրամի: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմով նա ցանկացել է ցույց տալ ժամանակակից կնոջ դիմանկարը:

«Երբ ավարտեցի ֆիլմը, շատ էի վախենում, թե Աիդան ինչ կասի: Մեր հերոսները կինոյում միշտ ավելի լավն են ուզում երևալ, իսկ ինքը ընդունեց ֆիլմն այնպես, ինչպես կա: Աիդան ապրում էր իր կյանքով, ես աշխատում էի չխառնվել ընթացքին, հետևում նրան: Ֆիլմը բազմաշերտ է, մի կողմից «Պրո Շամիրամ» ներկայացումն է, մյուս կողմից՝ արվեստագետի ճակատագիրը մեր հայկական իրականության մեջ»,-նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ Հայաստանում շատ բարդ է ստեղծագործել, կան խնդիրներ, որոնք կապված են ոչ միայն ֆինանսների հետ:

Ֆիլմի հերոսը՝ Աիդա Սիմոնը ևս ներկա էր լրատվամիջոցների հետ հանդիպմանը: Նա շեշտեց, որ կինո նկարելու գործընթացը բավականին երկար տևեց: Հավելեց, որ ֆիլմում և ոչ մի խաղարկային դրվագ չկար: Աիդա Սիմոնը խոստովանեց նաև, որ այս կինոնկարը իրեն շատ է դուր եկել:

Մարիամ Օհանյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ասպիրանտուրան շարունակել սոցիոլոգիայի ֆակուլտետում և ռեժիսորական դասընթաց անցել: Նրա ֆիլմերը մասնակցել են տարբեր կինոփառատոնների և մրցանակների արժանացել: 2000-ից «Լիզա» իրավական գենդերային մշակութային հիմնադրամի տնօրենն է, 2004-ից՝ «Կին» ՄԿՓ-ի տնօրենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am