«Հայաստան պետք է գալ ամենաքիչը մեկ շաբաթով». Պոլինա Օսետինսկայան մեր երկիր այցի, առաջիկա ծրագրերի մասին


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վունդերքինդ Պոլինա Օսետինսկայի մասին աշխարհն իմացավ նախորդ դարի 80-ականներին, երբ 6-ամյա երեխան հանդես եկավ Վիլնյուսի կոնսերվատորիայում՝ կատարելով բարդ ու ինքնատիպ ծրագիր: Անցել են բազում տարիներ, իսկ դաշնակահարուհին շարունակում է հիացնել դասական երաժշտության երկրպագուներին իր ինքնատիպ կատարումներով: Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Հայաստանում էր «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, այստեղ հանդես եկավ համերգով: «Արմենպրես»-ի հետ զրույցում դաշնակահարուհին պատմում է «Արմենիա» փառատոնից ու Հայաստանից իր տպավորությունների, երաժշտության նկատմամբ սիրո, տաղանդավոր երեխաների ու ժամանակակից կոմպոզիտորների մասին:  

«Արմենիա» փառատոնի մասին

Փառատոնի մասին լսել էի: Նախորդ տարի փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ իմ ընկեր Մաքսիմ Վենգերովը, որի հետ մենք շատ ենք համագործակցում: Նա պատմել էր, որ Հայաստանում նման փառատոն կա: Ես քիչ եմ այստեղ գտնվում, չեմ կարող գնահատել փառատոնի երաժշտական որակը, բայց հաշվի առնելով այն անունները, որ ելույթ են ունենում, պետք է ասեմ, որ տպավորիչ է:

Բացահայտելով Հայաստանը

Առաջին անգամ եմ Հայաստանում: Վաղուց եմ ցանկացել գալ Հայաստան, Երևան: Շատ ուրախ եմ, որ հենց այդպես ստացվեց, չնայած իմ այցն այդքան էլ երկարատև չէ, ինչքան ես կցանկանայի:

Ինձ թվում է՝ Հայաստան պետք է գալ ամենաքիչը մեկ շաբաթով, որպեսզի այցելել բոլոր վայրերը՝ Գառնի, Էջմիածին, Գեղարդ…: Այսինքն՝ բոլոր այն վայրերը, որոնց մասին ինձ պատմել են: Ուզում եմ տեսնել հինավուրց տաճարները, ճամփորդել որպես զբոսաշրջիկ, այցելել շուկաներ, ինչ-որ համեղ բան փորձել…

Հայաստանը ունիկալ մշակույթ և պատմություն ունեցող երկիր է: Բայց համերգային շրջագայությունների դեպքում ցանկացած երկիր տեսնում ես հյուրանոցի կամ էլ ավտոմեքենայի պատուհանից: Հաջորդ այցս Հայաստան պետք է ավելի ճիշտ պլանավորել:

Սեր երաժշտության նկատմամբ

Երբ մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց հորս հորդորով՝ ես 5-6 տարեկան էի: Ասացի՝ ավելի լավ է մեքենան վրայովս անցնի, բայց ես երաժշտությամբ չեմ զբաղվի: Ես կանգնել էի փողոցի մեջտեղում և երկար սպասում էի՝ թե երբ մեքենան վրայովս կանցնի: Բայց, մենք ամայի փողոցում էինք: Մոսկվայում 1980-ականներին երթևեկն այդքան էլ ակտիվ չէր: Մայրս զոռով ինձ տարավ երաժշտական դպրոց: Ես երկար էի ընդդիմանում: Այդ թեմայով գիրք էլ ունեմ գրած ՝ «Մնաս բարով, թախիծ»: Իմ մուտքը երաժշտության ասպարեզ նկարագրված է հենց այնտեղ: Այն այնքան էլ հեշտ ու պարզ չէր, բայց ամեն դեպքում ես ուրախ եմ, որ մնացել եմ երաժշտության ասպարեզում:

Բեմի նկատմամբ մեծ սեր  

Երեխան ամեն ինչ ընկալում է որպես խաղ: Ես 3 տարեկանից շատ էի սիրում դուրս գալ հանդիսատեսի առջև, ինչ-որ բան ցուցադրել: 3 տարեկանից մեր տանը գտնվող վարսավիրանոց մտնելիս մոտենում էի տիկին Սոֆային, ով աշխատում էր այդտեղ, ու ասում էի. «Տիկին Սոֆա, սրահի մեջտեղում կանգնեք գնացեք ու հայտարարեք, որ հիմա ելույթ կունենա մեծ արտիստ Պոլինա Օսետինսկայան»: Ընդամենը 3 տարեկան էի: Ես դուրս էի գալիս, բանաստեղծություններ էի կարդում, պարում էի: Բեմի նկատմամբ ձգտումը կար մանուկ հասակից:  

Ես փոքր ժամանակ ամեն ելույթ որպես խաղ էի ընկալում: Դուրս ես գալիս, դահլիճը լիքն է մարդկանցով, պետք է նվագես մի ամբողջ ծրագիր:

Հետո ամեն ինչ խաղից վերածվեց կյանքի պարտադիր մի մասնիկի: Եվ , իհարկե, դա միշտ չէ, որ ինձ ուրախացնում էր: Բայց շատ շուտով ես հասկացա, որ բեմը ոչ միայն գերություն է, բանտ, այլև ազատություն գերությունից:

Դաշնամուրից բացի...

Ես ոչ մի այլ գործիք չէի ընտրի, որովհետև դաշնամուրն իր մեջ է ներառում երաժշտության ողջ հարստությունը, ներկապնակը, այն սիմֆոնիկ նվագախմբի հնարավորություններ ունի. մի դաշնամուրը կարող է փոխարինել մի ամբողջ նվագախմբի: Ջութակը չի կարող անել դա: Գործիքներից ինձ շատ են դուր գալիս թավջութակը և ալտը, նրանց հնչողությունը:

Տաղանդավոր մայրիկի տաղանդավոր երեխաները

Աղջիկս տավիղ է նվագում, որդիս, հավանաբար, կիթառ կսկսի նվագել: Մեծ աղջիկս մի ժամանակ դաշնամուր էր նվագում: Մենք չէինք պատրաստվում մեր երեխաներին պրոֆեսիոնալ երաժիշտներ դարձնել: Ուղղակի ընդհանուր զարգացման համար էին երաժշտության դասեր վերցնում:

Կարծում եմ, որ հանճարը մեծ աշխատանք է պահանջում: Եթե մարդուն ինչ-որ բան է տրվում ի ծնե, պետք է այնքան աշխատել, որ զարգացնել դա: Հանճարը տաղանդի 5 տոկոսն է, 95 տոկոսն աշխատասիրությունն է:

Ժամանակակից կոմպոզիտորներ

Ժամանակակից երաժշտությունում բազում տաղանդներ կան, հիանալի կոմպոզիտորներ, որոնց պետք է հանրահռչակել, կատարել նրանց գործերը որքան հնարավոր է շատ, որպեսզի հանդիսատեսը լսի նրանց:

Հայ կոմպոզիտորների ծրագիր

Ամբողջ աշխարհը գիտի Կոմիտասին: Ես նվագել եմ Խաչատրյանի, վերջերս էլ Միրզոյանի գործերից Իտալիայի փառատոնում: Ես շատ եմ սիրում երաժշտությունում ազգային կոլորիտը: Կցանկանայի հայկական երաժշտության ծրագիր կատարել, հենց հայ կոմպոզիտորների գործեր ներկայացնել: Պետք է սկսել Կոմիտասից, Խաչատրյանից, Բաբաջանյանից՝ հասնելով ժամանակակից կոմպոզիտորների գործերին: Պետք է ուսումնասիրել ու ընտրել այն, ինչ ինձ է դուր գալիս: Կատարողը մշտապես ընտրում է այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Եթե երաժիշտը նվագի երաժշտություն, որն իրեն էլ դուր չի գալիս, չի կարող ունկնդրին համոզել, որ դա լավ երաժշտություն է:

Երազանքի նվագախումբ ու դիրիժոր

Ես դեռ չեմ հասցրել հանդես գալ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Սայմոն Ռեդլի հետ: Բեռլինի ֆիլհարմոնիկն աննկարագրելի է նվագում: Նաև Վիեննայի ֆիլհարմոնիկը, որի հետ նույնպես կցանկանայի համագործակցել:

Առաջիկա ծրագրեր

Երևանյան համերգս այս համերգաշրջանում վերջինն էր: Գնալու եմ հանգստանալու: Նոր համերգաշրջանում համերգներ կունենամ տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Շվեյցարիայում, Ժնևում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իտալիայում, հնարավոր է նաև համերգ ունենամ Չիլիում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am