«Զանգեր» հուշարձանի բացմամբ մեկնարկեցին «Գորիսը ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումները

Armenpress 12:10, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Գորիս մայրուղու մուտքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանը նոր շունչ հաղորդեց Գորիսին:

Հուշարձանի բացմամբ հուլիսի 7-ին Գորիսում տրվեց «Գորիսը ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառուների մեկնարկը:

«Գորիսի ընտրությունը պայմանավորված է դրա հետաքրքիր ճարտարապետությամբ և կոլորիտով: Այս օրերին Գորիս են այցելել ԱՊՀ ութ երկրից ավելի քան 150 արվեստի գործիչներ, պաշտոնատար անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը շեշտեց, որ Գորիսն այն քաղաքն է, որն ունի հարուստ ավանդույթներ և պատմությանը տվել է տաղանդավոր  գրողներ, երգահաններ և այսօր էլ գորիսեցիները շարունակում են ստեղծագործել, լինել հոգևոր ու մշակութային ժառանգության կրողն ու շարունակողը:

«Այս կառույցն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը: Կառույցի առանձնահատկությունն այն է, որ համայնքի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով ու ներդրումներով են իրականացվել վերակառուցման աշխատանքները»,-ընդգծեց Հովսեփյանը:

Կառույցի ճարտարապետ Սևադա Զաքարյանը պատմեց, որ «Զանգերը» վերակառուցելու միտքն առաջացել է անցյալ տարվա դեկտեմբերին, աշխատանքները մեկնարկել են ձմռանը, բայց, իմանալով, որ Գորիսը հռչակվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաք, արել են ամեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին ավարտելու համար: Քարերը Իշխանասարի փեշերից են բերվել: «Կառույցի դիմաց գտնվող սարի վրա կա դիտակետ, որը դեռ պետք է կառուցել և, հավանաբար, մինչև աշուն ավարտին հասցնել: Սա ոչ միայն Արցախ-Սյունիք մայրուղու վրա կառուցված խորհրդանիշ է, այլև հանգստի գոտի»,-եզրափակեց ճարտարապետը:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am