Աննա Ագլատովան պատմում է հայկական արմատների, Սպիվակովի հետ համագործակցության ու Հայաստան վերադառնալու մասին

Armenpress 11:26, 5 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կարիերայի մեկնարկին նա արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակին, դարձել Neue Stimmen երիտասարդ օպերային երգիչների մրցույթի դափնեկիր: Այս երկու կարևոր իրադարձություններն ամբողջությամբ փոխել են նրա կյանքը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում էր Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան (սոպրանո), ով հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ագլատովան պատմում է «Արմենիա» փառատոնի, հայ հայրիկի, Վլադիմիր Սպիվակովի հետ համագործակցության և Հայաստան վերադառնալու ցանկության մասին:

«Արմենիա» միջազգային փառատոնի մասին

Հիանալի է այն, որ ձեր երկրում իսկական մշակութային բում է: Դուք կարող եք այստեղ բերել իսկապես հրաշալի երաժիշտների, այս դեպքում երջանկացնելով ձեր հանդիսատեսին: Մարդիկ կարող են պետության սահմանները չհատելով տեսնել ու լսել հեղինակավոր անհատների: Կարծում եմ, որ դասական երաժշտությունը հաճույք պարգևելու նպատակ ունի: Եվ, իսկապես, մեծ ուրախություն է, որ կա նման փառատոն:

Սիմֆոնիկ նվագախմբի ու Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցության մասին

Մեր առաջին համագործակցությունն է: Իսկապես ուրախ եմ, որ մաեստրոն հավաքել է այսքան շատ երիտասարդ երաժիշտների: Սա շատ կարևոր է, քանի որ այդպիսով, թե՛ դիրիժորը, թե՛ երիտասարդները շարունակում են երաժշտական ավանդույթները:  Ես պարզապես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ երիտասարդությունը նման հիանալի ձևով նվագում է դասական երաժշտություն, որն արդեն հարյուրամյակների պատմություն ունի: Նշանակում է՝ նրանք իսկապես սիրում են այն:

Ոչ երաժշտական ընտանիք

Իմ ընտանիքը երաժշտական չէ: Ընտանիքումս միակ պրոֆեսիոնալ երաժիշտը պապիկս էր: Նա պրոֆեսիոնալ կիթառահար էր: Հայրիկս հիասքանչ ձայն ուներ, բայց, ցավոք, նա երգիչ չդարձավ: Հավանաբար, ձայնս հենց նրանից եմ ժառանգել:

Հայկական արմատներ

Հայրիկս հայ էր: Նրա մասին չեմ խոսի, որովհետև արդեն մեզ հետ չէ: Պետք է ասեմ, որ շատ հպարտ եմ, որ արդեն մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ եմ Հայաստանում: Իմ մեջ հայկական արյուն է հոսում: Եվ դա իսկապես մեծ երջանկություն է: Միակ ցավալի փաստն այն է, որ ժամանակն այդքան էլ շատ չէ, չեմ կարող տեսնել այն վայրերը, որոնք ցանկանում եմ:

Ինչպես Աննա Ասրիյանը դարձավ Աննա Ագլատովա

Ընտանեկան որոշում էր Ասրիյան ազգանունը փոխել Ագլատովայի: Ագլատովան նույնպես հորս ազգանունն էր: Նա Ասրիյան-Ագլատով էր: Մենք ընտանիքով որոշեցինք, որ ես Ագլատովա ազգանունը կվերցնեմ:

Վլադիմիր Սպիվակով կնքահայրը

Վլադիմիր Սպիվակովն ինձ ճանաչում է մանուկ հասակից: Իմ ուսուցիչն է, բեմական կնքահայրը: Մարդ, ով ինձ հնարավորություն է տվել բեմ դուրս գալ և երգչուհի զգալ: Նա առաջին մարդն էր, ով իսկապես հավատաց իմ ուժերին:

Մի քանի տարի առաջ հենց Վլադիմիր Սպիվակովի շնորհիվ ստացա Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ մշակույթի երիտասարդ գործիչներին տրվող մրցանակը: Սպիվակովն ինձ մշտապես ուղղորդում է իմ պահապան հրեշտակի պես: Նա հայ ժողովրդի հետ ջերմ կապեր ունի: Ես պետք է մասնակցեի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նրա՝ Հայաստանում անցկացված համերգին, բայց գրաֆիկս թույլ չտվեց: Դա կլիներ իմ առաջին այցը Հայաստան: Բայց, բարեբախտաբար, հնարավորություն ընձեռվեց աշխատելու Սերգեյ Սմբատյանի, Կոնստանտին Օրբելյանի հետ:

Մոսկվայի Մեծ թատրոնի ամենաերիտասարդ մենակատարը

Շատ վաղուց եմ հայտնվել Մեծ թատրոնում, երբ դեռ սովորում էի ուսումնարանի 4-րդ կուրսում: Արդեն 11 տարի է անցել: Ես ուսանող էի, որի ուժերին հավատացին: Այդ ժամանակ գեղարվեստական ղեկավարն Ալեքսանդր Վեդերնիկովն էր, ես լսումների էի մասնակցում օպերային բեմադրության միանգամից գլխավոր դերում խաղալու համար: Նա հավատաց իմ ուժերին, հրավիրեց ինձ թատրոն: 1 տարի անց դարձա հիմնական աշխատող: Ես Մեծ թատրոնի ամենաերիտասարդ մենակատարն էի: Եվ հիմա արդեն 10 տարի մշտական մենակատարներից եմ:

Հայաստան վերադառնալու ցանկություն

Հայաստանի հետ կապված դեռ պլաններ չկան: Հույս ունեմ, որ կկարողանամ վերադառնալ և մաեստրո Սմբատյանի հետ կներկայացնենք այլ ծրագիր: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am