ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն

Armenpress 18:08, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք է հռչակվել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի հանդիսավոր բացման արա­րողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։                Բացման ծրագ­րի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշար­ձանի, սրճա­րան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բա­ցման,  «ԱՊՀ մշակութա­յին մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները,  հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագա­խմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորի­ս 2018. ԱՊՀ մշակութային մայրա­քաղաք» հիմնի առաջին կատարմամբ:  Կանցկաց­վեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները, «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվես­տի, արհեստագործության և ձեռար­­վեստի ցուցա­դրություն-տոնավա­ճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և հաճելի անակնկալներով:  Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ:  «Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է` նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:    «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո­նա­կարգի համաձայն, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: 

Հայաստանի Հանրապետությունը դեռ 2016 թվականի դեկ­տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am