«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կաջակցեն Բուլղարիայի և Շվեդիայի դեսպանությունները

Armenpress 17:29, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարիներ շարունակ համագործակցում է  ՀՀ-ում տարբեր դեսպանությունների հետ: Այս տարի փառատոնին միացել են Հայաստանում Շվեդիայի և Բուլղարիայի դեսպանությունները:

Բուլղարիայի դեսպանությունն աջակցում է «Ամենագոն» և «Բնաջնջում» կինոժապավեններին: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեվան:

«Ոսկե ծիրան»-ը  ամենահարգված կինոփառատոններից է, և մենք ուրախ ենք համագործակցել դրա հետ: Շատ եմ կարևորում փառատոնի «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Այն կարող է նպաստել մշակութային բազմազանությանն ու հանդուրժողականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց  դեսպանը:

Նա շեշտեց, որ բուլղարական կինոն ծանոթ է հայ արվեստասերներին: «Մեր ֆիլմերից մեկը` «Դատախազը», «Ոսկե ծիրան»-ում մրցանակի է արժանացել: Այս տարի հանդիսատեսը հնարավորություն կունենա բուլղարական երկու կինոնկար դիտել` «Ամենագոն»-ը, որը Իլիան Ջևելեկովի ֆիլմն է և  ռեժիսոր Կոստադին Բոնևի «Բնաջնջում» փաստավավերագրական ժապավենը, որը նկարահանվել է հայ կինոարտադրողների հետ համագործակցության արդյունքում»,-ներկայացրեց Ցոցորկովա-Կայմակտչիեվան:

Շվեդիայի դեսպանությունն աջակցում է հռչակավոր շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հարյուրամյա հոբելյանի ծրագրին, որի շրջանակում կցուցադրվի «Բերգման մի տարի, մի կյանք» ֆիլմը:

Փառատոնը շարունակում է համագործակցությունը Լեհաստանի դեսպանության հետ: «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցույթում ներկայացված է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Դեմք» ժապավենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am