Խաչատրյան տրիոն երաժշտասերներին ներկայացրեց հայ և մալթացի կոմպոզիտորների նոր ձայնասկավառակը


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյան տրիոյի նոր ալբոմում ընդգրկվել են հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ձայնասկավառակը ներառում է 14 գործ:

Ձայներիզի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

«Սկավառակը ձայնագրվել է անցյալ տարի Մոսկվայում. դրա շնորհանդեսն իրականացվել է Մալթայի միջազգային փառատոնի ընթացքում: Մեր տրիոն տասից ավելի ձայներիզներ ունի: Սա նախորդներից տարբերվում է նրանով, որ թողարկվել է աշխարհահռչակ Sony Classics-ի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով` խտասալիկում Խաչատրյանի, Բաբաջանյանի, Շորի գործերը օրգանիկ են համադրված: «Մալթայում ենք ծանոթացել  Շորի հետ: Նրա գործերը մեծամասամբ համերգներին էինք հնչեցնում, բայց, ի վերջո,  ձայնագրեցինք»,-ասաց նա:

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը խոստովանեց, որ  Խաչատրյան տրիոյի կատարումներն իր ամենասիրելիներն են: «Այն մակարդակը, որին հասնում է տրիոն, պարզապես  անհնարին է: Շատ զգացված եմ իմ գործերը տեսնել Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործությունների կողքին»,-անկեղծացավ Շորը:

Սկավառակը վաճառվում է համացանցում. այն հնարավոր է ձեռք բերել նաև տրիոյի համերգային ծրագրերի ժամանակ:

Խաչատրյան տրիոն օգոստոսին փառատոնի կմասնակցի Գերմանիայում, հետո հանդես կգա Իտալիայում: Տրիոն հետաքրքիր ծրագրով կմասնակցի նաև  Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին:

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am