Ռոբոտները կաշխատեցնեն շվեյցարական բանկում հայաստանցիների ներդրած գումարները


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական «Swissquote» առցանց բանկի Հայաստանում գործարկման արդյունքում ռոբոտները կաշխատեցնեն հայաստանցիների ներդրած գումարները և յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ կապահովեն 4 տոկոս եկամտաբերություն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկի գործունեություն ծավալելուն նվիրված շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին կազմակերպիչները:

«Անհրաժեշտ է հայաստանյան բանկից գումարը փոխանցել շվեյցարական այդ բանկի հաշվին և վարձակալել ռոբոտներ: Մարդը կարող է գումար ներդնել, իսկ ռոբոտը դրանք անընդհատ աշխատեցնելու է, երբ փոխվեն գումարների տոկոսադրույքները: Արդյունքում գումարն ավելանում է, յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ մարդն ունենում է 4 տոկոս եկամտաբերություն: Բորսայի գների տատանման արդյունքում ռոբոտը համապատասխան ալգոռիթմի գումար է վաստակում»,-նշեց FTH ընկերության տնօրեն Անգին Ղուկասյանը:

Ռոբոտի վարձակալությունն արժի դեպոզիտի 0.4 տոկոսը: Այն ներառում է նաև փաստաթղթավորման և ցանկացած խնդրի համար ծառայությունների վճարը: 18 տարին լրացած, գործունակ, Հայաստանում արտարժութային բանկային հաշիվ ունեցող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է շվեյցարական այս բանկում հաշիվ ունենալ՝ ներդնելով 3000 դոլարից, եվրոյից կամ ֆրանկից ոչ պակաս գումար: Անվանական հաշվից գումարի ելքագրումը կարող է կատարվել միայն մարդու ստորագրությամբ: Գումարների վերադարձելիությունն առաջին հերթին ապահովում է բանկը, ռոբոտների աշխատանքը ևս ապահովագրված է լինելու:

Բանկի 50 տնօրեններից մեկի՝ հաճախորդների հետ հարաբերությունների և վաճառքի մենեջեր Մուամար Բեհնամի խոսքով՝ ռոբոտներն ապահովելու են ճկունություն: «Այս արժութային բիզնեսի մեջ մենք շատ պահպանողական մոտեցում ունենք: Երբ մենք ունենք հուսալի գործընկեր, ով հաճախորդների համար երաշխավորում է շահույթը, ապահովում ենք  երկարատև համագործակցություն»,-նշեց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանում շվեյցարական բանկի ներկայացուցչություն ունենալը փաստում է երկրում իրականացված փոփոխությունների նկատմամբ վստահության մասին: «Ֆինանսական ռեսուրսները Հայաստանում շատ ավելի լայնորեն շրջանառվելու հնարավորություն են ունենալու: Սա հնարավորություն է նաև, որ երկրի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակն աճի»,-ասաց նախարարն ու քաջալերեց, որ այսպիսի նախաձեռնությունները շատ լինեն, քանի որ մրցակցությունը մեծանում է, իսկ որակը բարձրանում:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը նշեց՝ մեծ ուրախությամբ է սպասում բանկի գործունեությունը Հայաստանում տեսնելուն: «Այն զարգացող բանկ է Շվեյցարիայում: Հայաստանն էլ շատ ֆինանսական ծառայությունների համար բարենպաստ երկիր է»,-եզրափակեց դեսպանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am