Նարինե Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Armenpress 13:13, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը հիմնադրամի տնօրենի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ կփորձի  հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը: «Կան խնդիրներ, որոնք մանրամասն կներկայացնենք առաջիկայում: Մենք պարոն Դեմոյանի հետ, իր տնօրեն եղած տարիներին, աշխատել ենք շատ լավ, նորմալ մարդկային հարաբերություններ ենք ունեցել»,-ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ դեռևս չի որոշել, կզբաղեցնի՞ տնօրենի աշխատասենյակը, թե ոչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ Նարինե Մարգարյանը անկախ մարդ է և երբեք կոնֆլիկտների մեջ չի եղել հիմնադրամի աշխատակիցների հետ: « 14 տարի թանգարան-ինստիտուտում լինելով՝ նա  բավական տիրապետում է ինստիտուտի ներքին խնդիրներին, գիտական խնդիրներին, և, կարծում եմ, դա այս պահին լավագույն լուծումն էր»,-ասաց Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Նարինե Մարգարյանին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում էլ կորոշվի հիմնադրամի տնօրենի ընտրության օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am