1000х90.jpg (78 KB)

Թութ թափ տալու արարողություն, թթի դոշաբ, օղի թորելու վարպետաց դասեր. հուլիսի 7-ին անց է կացվում թթի փառատոնը

Armenpress 10:01, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին տիրելու է թթի բույրը, և զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու համտեսել այն՝ պատրաստված տարբեր ձևերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մավյանը ներկայացրեց Թթի փառատոնի առանձնահատկությունը, նպատակը, նորամուծությունները: Փառատոնը կազմակերպվում է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից, համակազմակերպիչն է Գորիսի համայնքապետարանը: Միջոցառմանն աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Քարահունջ գյուղը՝ թթի փառատոնի անցկացման վայր

Թթի փառատոնը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին: Սա ընդհանուր պետական ծրագիր է, որը կոչվում է «Սյունյաց բարիքներ», այդ իսկ պատճառով էլ միջոցառման անցկացման վայրը Սյունիքն է ընտրվել: Երեք տարի անընդմեջ փառատոնն իրականացվել է Գորիս քաղաքում: 2017 թվականին Քարահունջ գյուղում մենք մի հիանալի տարածք ենք գտել, որը շատ հարմար է հենց այդ փառատոնն անցկացնելու համար: Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է, և շրջակայքում բազմաթիվ թթի ծառեր կան: Քարահունջ գյուղում թթի օղին հնուց անվանում են «առյուծի կաթ»:

Տեղացիների՝ թթից պատրաստած բարիքները

Քարահունջում տեղացիները թթից պատրաստում են հնարավոր ամեն ինչ՝ դոշաբ, օղի, մուրաբա, չիր և այլն: Հարակից շրջանների բնակիչներն էլ են մասնակցելու և գեղեցիկ ձևավորված տաղավարներում ցուցադրելու իրենց պատրաստածը: Ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք: Թթից պատրաստվող բարիքներից բացի, կլինեն նաև այլ կերակրատեսակներ, որոնք հատուկ են սյունեցիների խոհանոցին: Կլինի նաև ազգային ուտեստների հյուրասիրություն:

Գորիսը՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

Երկու օր անընդմեջ՝ փառատոնի ընթացքում, բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու նվիրված Գորիսի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելուն: Լինելու են մեծ թվով հյուրեր և պատվիրակություններ ԱՊՀ երկրներից: Այս տարի Թթի փառատոնը կլինի եզակի իր տեսակի մեջ:

Թթի փառատոնի միջոցառումները

Փառատոնի ընթացքում լինելու է ազգային երգ ու պար, կազմակերպվելու են տարբեր խաղեր: Միջոցառմանը պարելու է «Արդվին» ազգագրական համույթը, ինչպես նաև կհնչեն Գորիսի ժողգործիքների համույթի կատարումները: Փառատոնի ընթացքում պատրաստվելու է բանջարով հաց, լավաշ է թխվելու, ինչպես նաև ավանդական թանի հյուրասիրություն կլինի՝ կավե ամաններով:

Փառատոնի նորամուծությունները

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվելու են տարբեր ազգային խաղեր, սակայն դրանք չեն կրկնվելու: Այս տարի կլինեն չրչմանքի, քարխանա լվանալու արարողություն, շաշկի և շախմատ:

Օտարերկրացի զբոսաշրջիկները

Վերջին երեք տարում ամենաշատ զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից: Եղել են նաև Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից:

Քանի որ ժամանակահատվածն էլ համընկնում է տուրիստական սեզոնի հետ, այդ իսկ պատճառով հստակ դժվար կլինի ասել, թե, ընդհանուր առմամբ, որտեղից ավելի շատ կլինեն:

Զբոսաշրջիկներին հետաքրքրող արարողությունները

Փառատոնին մասնակցելու համար տարբեր տուրիստական գործակալություններից զանգահարում են և հետաքրքրվում՝ արդյոք լինելո՞ւ է թութ թափ տալու արարողություն: Անցյալ տարի զբոսաշրջիկներին այդ արարողությունը շատ էր հետաքրքրել, և նրանք ամենաշատը տպավորված են եղել հենց դրանից: Անցյալ տարի Գորիսի թատրոնի դերասանները փոքրիկ բեմադրություն էին կազմակերպել, որտեղ պատմվում էր Քարահունջ գյուղի մի ընտանիքի մասին: Զբոսաշրջիկներին հիմնականում նաև շատ են հետաքրքրում մեր ազգային կերակրատեսակներն ու թթի մուրաբան, և նրանք հաճույքով են մասնակցում դրանց պատրաստման վարպետաց դասերին:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am