Բակո Սահակյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել քվանտային ֆիզիկայի թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Armenpress 12:03, 29 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում անցկացվող «Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,           

«Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումն Ստեփանակերտում կարեւոր եւ պահանջված իրադարձություն է մեր երկրի համար:

Ճշգրիտ գիտությունների զարգացումը մեր կողմից դիտարկվում է որպես Արցախի կրթական եւ գիտական համակարգի ռազմավարական ուղղություններից մեկը: Մեր ժողովուրդն ունի բնատուր հակում ճշգրիտ գիտությունների նկատմամբ, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Արցախը տվել է հանրահռչակ ֆիզիկոսների մի ողջ համաստեղություն:

Ակնհայտ է, որ ժամանակակից պայմաններում գիտության այս ճյուղի զարգացումն անհնարին է առանց միջազգային գիտակենտրոնների հետ համագործակցության: Ողջունելի է, որ այս գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրներ ներկայացնող առաջատար գիտնականներ: Ձեր մասնակցությունը կարեւոր է ոչ միայն գործնական, այլ նաեւ բարոյական եւ մարդասիրական տեսանկյուններից, քանի որ, մեր խորին համոզմամբ, գիտակրթական ոլորտում փոխգործակցությունը պետք է նպատակաուղղված լինի միմիայն գիտության զարգացմանը, ինչը համամարդկային արժեք է եւ դուրս է պետությունների սահմաններից:

Համոզված եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները:

Համաժողովի անցկացումն Ստեփանակերտում բոլորիդ համար լավ հնարավորություն է նաեւ տեղում ծանոթանալու մեր հանրապետությանը, նրա պատմամշակութային արժեքներին եւ անձնական կարծիք կազմելու մեր ժողովրդի ու երկրամասի մասին:

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am