1000х90.jpg (78 KB)

Արցախի ու Հայաստանի ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

Armenpress 13:33, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հունիսի 28-ին կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը  և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am