Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Armenpress 18:36, 26 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատգամավորները նախ քննարկել են շրջանառության մեջ դրված օրինագծերը, որոնց մասով պետական իրավական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի  երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները ներկայացրել են հանձնաժողովներում քննարկումների արդյունքները՝ դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկությամբ:

Խորհրդարանի նախագահի տեղեկացմամբ՝ գալիք նիստի օրակարգում կընդգրկվեն նաև «Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր նշանակելու մասին» և «ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին» հարցերը: Պատգամավորները հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում կընտրեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հաշվի առնելով հարցերի քանակը և հրատապությունը` ԱԺ-ն հունիսի 27-ին ժամը 11:00-ին և հունիսի 28-ին ժամը 11:00-ին կգումարի հերթական նիստեր: Հունիսի 27-ին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am