#CultTalk. Ծննդյանս օրվանից որոշված էր՝ պետք է երաժիշտ լինեմ. Նարեկ Հախնազարյանը գործունեության, առաջիկա համերգների մասին

Armenpress 10:00, 26 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա ձեռքում թավջութակը բոլորովին նոր ու գեղեցիկ հնչողություն է ստանում: Թավջութակի հետ յուրահատուկ «մենամարտը» կամ էլ «սիրախաղը» նոր երաժշտական երագներ է առաջ բերում: Վստահաբար կարելի է ասել, որ Նարեկ Հախնազարյանը մեր օրերի լավագույն թավջութակահարներից է.նրա յուրաքանչյուր ելույթն այս փաստի վառ ապացույցն է: Միջազգային բեմերը նվաճած ՀՀ վաստակավոր արտիստը փաստում է՝ եթե երաժիշտ չդառնար, միգուցե իրեն փնտրեր սպորտում, դառնար ֆուտբոլիստ կամ էլ թենիսիստ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում թավջութակահար Նարեկ Հախնազարյանը պատմում է խիտ համերգային գրաֆիկի, երաժշտության նկատմամբ սիրո, կյանքի ամենաճակատագրական փուլի և երազանքի համագործակցությունների մասին:

Խիտ համերգային գրաֆիկ

Իսկապես, իմ համերգային ծրագիրն այս ամառ շատ խիտ է: Ամբողջ հուլիս կնվագեմ ԱՄՆ-ում, ելույթներ կունենամ այդ մեծ երկրի տարբեր կետերում: Շատ են լինելու ճամփորդությունները, բայց ես դա շատ եմ սիրում: Օգոստոսին Գերմանիայում և Ֆրանսիայում կմասնակցեմ փառատոնների, սեպտեմբերին արդեն կսկսվի հիմնական համերգաշրջանը, ելույթ կունենամ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Թայվանում, Եվրոպայում: Շատ կարևոր տարի է ինձ համար: Հաջորդ համերգաշրջանում ես կլինեմ Լոնդոնի ամենահեղինակավոր դահլիճներից մեկի՝ Վիգմոր հոլի ռեզիդենտ արտիստը: Դա շատ մեծ պատիվ է յուրաքանչյուր արտիստի համար, և ես շատ ուրախ եմ, որ մյուս համերգաշրջանի ընթացքում երեք համերգ կնվագեմ այդ դահլիճում:

Ելույթ Հայաստանում

Այս տարվա համար դեռ ելույթ նախատեսված չէ: Բայց Հայաստանում համերգները միշտ որոշվում են բավականին ուշ: Ես չեմ բացառում հնարավորությունը, որ կարող եմ աշնանն այստեղ ելույթ ունենալ: Իհարկե, հունիսի ելույթներս շատ երկար կհիշեմ. Խաչատրյանի միջազգային մրցույթի բացմանը՝ գալա համերգին և «Ավրորա» մրցանակաբաշխության երկու արարողություններին:

Սեր երաժշտության նկատմամբ

Երաժշտության նկատմամբ սեր ծնված օրվանից ունեի, որովհետև ծնողներս երկուսն էլ փայլուն երաժիշտներ են, և ես տանը միշտ լսել եմ գեղեցիկ և հանճարեղ երաժշտություն: Ինձ թվում է, որ իմ ծննդյան օրվանից որոշված էր, որ ես պետք է երաժիշտ լինեմ: Գործիքը որոշված չէր: Հայրիկս ուզում էր, որ իր պես ջութակահար դառնայի, բայց մայրիկս շատ էր սիրում թավջութակն ու հայրիկիցս գաղտնի ինձ տարավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Եվ ես դարձա թավջութակահար ու սիրահարվեցի այդ գործիքին:

Այլ գործիքի ընտրություն

Ինձ թվում է՝ եթե այլ գործիք նվագեի, չէր լինի այս հաջողությունը: Թավջութակն իմ գործիքն է, ես ինձ բախտավոր եմ համարում, որ մայրիկիս շնորհիվ գտա իմ գործիքը: Չեմ պատկերացնում ինձ որևէ այլ գործիք նվագելուց:

Ավանդական կրթությունից դեպի ազատություն

Մոսկովյան կրթության առավելությունն ավանդույթներին հետևելն է և լավ իմաստով խստությունը: Առաջին մի քանի տարիները և՛ ինքդ շատ պետք է խիստ լինես քո հանդեպ, և՛ ուսուցիչներդ պետք է խիստ լինեն: Ես ուրախ եմ, որ հիմնական կրթություն ստացա Մոսկվայում, հետո այդ ավանդական դպրոցից տեղափոխվեցի և ուսում ստացա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, որտեղ կրեդոն ազատությունն է և ստեղծարարությունը: Շատ լավ համադրություն էր՝ ավանդական կրթությունն ու ազատությունը:  

Կյանքի ամենաճակատագրական փուլը

Իմ ստեղծագործական կյանքի ամենաճակատագրական փուլերից մեկն, իհարկե, Չայկովսկու միջազգային մրցույթում հաղթանակն էր, 2011 թ.: Այդ հաղթանակը շատ դռներ և հնարավորություններ բացեց: Անմիջապես այդ հաղթանակից հետո ես պայմանագրեր ստորագրեցի առաջատար համաշխարհային գործակալությունների հետ: Դա շեշտակի փոխեց իմ ստեղծագործական կարիերան:  

Հուզմունք համերգից առաջ

Ամեն համերգից առաջ միշտ կա հուզմունք: Իհարկե, կախված է՝ ինչպիսի ունկնդիր է, ինչպիսի կարևորության, մասշտաբի համերգասրահ է: Այն մարդիկ, որ ասում են, թե չեն հուզվում բեմ դուրս գալուց առաջ, երևի այդքան լրջորեն չեն վերաբերում իրենց գործին:

Երազանքի համագործակցություններ

Դեռ չեմ համագործակցել Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Դրանք աշխարհի լավագույն նվագախմբերն են: Իրենց հետ մեծ սիրով կհամագործակցեի: Համոզված եմ՝ ապագայում կստացվի: Դիրիժորներից կցանկանայի համագործակցել Դանիել Բարենբոյմի, Մարիս Յանսոնսի և Ռիկարդո Շայիի հետ:

Գնահատված լինելու կարևորությունը

Կոչումը կամ մեդալները չպետք է լինեն երաժիշտի կամ արվեստագետի շարժիչ ուժը: Չպետք է ստեղծագործել կոչում ստանալու համար: Չպետք է համարել, որ եթե կոչումը ստացար՝ մեծ նվաճում է, արդեն ինչ-որ բանի հասել ես: Հաճելի է, երբ ոչ միայն ժողովուրդն ու ունկնդիրն է գնահատում քո արած աշխատանքը, այլև երկրի ղեկավարությունը:

Իշխանությունների կողմից բավական աջակցություն չի ցուցաբերվել դասական երաժշտության նկատմամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում է դա փոխվել: Ես նկատում եմ, որ ուշադրությունն ու աջակցությունն ավելանում է: Դա շատ կարևոր է, պետք է այդպես լինի:

Հաջողության գաղտնիք

Ես միշտ ծառայում եմ երաժշտությանը: Երբ ես բեմում եմ, ամեն ինչ մոռացվում է: Կապ չունի՝ ինչ է տեղի ունեցել դրանից առաջ, ում հետ եմ շփվել: Ինձ համար կա միայն երաժշտությունը, կոմպոզիտորը և ես՝ այդ երաժշտության մեջ: Այսինքն՝ ինչպես ես կփոխանցեմ այդ կոմպոզիտորի նամակն ունկնդրին: Դա ամենակարևոր նպատակներից է: Եթե մարդկանց դուր է գալիս, նշանակում է՝ հաջողություն է:

Ժամանակակից կոմպոզիտորներ

Կան հայ կոմպոզիտորներ, որոնց ես շատ սիրում եմ, հարգում եմ: Փորձում եմ ինչքան հնարավոր է շատ նվագել նրանց գործերից, ինչպես նաև արտասահմանում ունկնդրին ծանոթացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ:

Թավջութակը՝ ժողովրդականություն վայելող գործիք

Եթե համեմատենք թավջութակը դաշնամուրի, ջութակի հետ, ապա այն ավելի քիչ ժողովրդականություն է վայելում: Բայց ես նկատում եմ թավջութակի «բում» ամբողջ աշխարհում: Ինձ թվում է՝ անհրաժեշտության չկա առանձնահատուկ բան անելու, որ թավջութակն ավելի մեծ ժողովրդականություն վայելի: Այդ գործիքը մեծ սեր է ձեռք բերում համաշխարհային ունկնդրի մոտ:

Ոլորտի թիվ մեկ խնդիր

Ոլորտի խնդիրն ունկնդիրն է: Ցանկանում եմ, որպեսզի մարդիկ, հատկապես երիտասարդները, լսեն դասական երաժշտություն: Հայաստանում այդ տեսակետից բավականին լավ իրավիճակ է, համերգներին շատ երիտասարդ ունկնդիրների եմ տեսնում: Բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ խնդիրը սուր է կանգնած: Հիմնական ունկնդիրը մեծահասակներ են:

«Արմենպրես» լրատվական գործակալության «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի   



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am