Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Armenpress 19:45, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից,  նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ, նրան մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական բազմադարյա ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգացման նոր փուլ են թևակոխում, և ընդգծել, որ փոխգործակցության ներուժի առավելագույն օգտագործումը բխում է երկու պետությունների շահերից։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տարածքային կառավարման բնագավառը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության ապահովման և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։

Բարձր գնահատելով ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն կառույցներում հայ-ռուսական սերտ համագործակցությունը՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ ամրագրել է, որ այդ հարաբերությունների հետագա խորացումն ու աշխուժացումը դրական կազդի նաև տարածաշրջանային կայունության և տնտեսական ներուժի ամբողջական իրացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև այս շաբաթ Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ համաժողովը խթան կհանդիսանա արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am