Հայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը

Armenpress 14:36, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ակնկալվում է, որ ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 29-ին:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ այս ընտրություններից հետո առաջին անգամ Թուրքիայի մեջլիսը 550-ի փոխարեն 600 պատգամավոր կունենա:

Նիստը, ավանդույթի համաձայն, պետք է վարի ամենատարեց պատգամավորը, ով այս պարագայում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Դենիզ Բայկալն է:

Նոր խորհրդարանի առաջին նիստից հետո  5 օրվա ընթացքում կուսակցությունները կներկայացնեն մեջլիսի նախագահի իրենց թեկնածուների անունները, ինչից հետո 5 օրվա ընթացքում նախագահի ընտրություններ կլինեն: Մեջլիսի նախագահի ընտրությունը տեղի կունենա գաղտնի քվեարկությամբ:  Համաձայն կանոնակարգի՝ մեկ գումարման խորհրդարանում տեղի են ունենում մեջլիսի նախագահի երկու ընտրությունը՝ առաջինը 2, երկրորդը՝ 3 տարի ժամկետով: Մեջլիսի նախագահի ընտրությունները կարող են իրականացվել առավելագույնը 4 փուլով: Առաջին և երկրորդ փուլում թեկնածուին անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, իսկ երրորդ փուլում՝ բացարձակ մեծամասնությունը: Եթե երրորդ փուլով էլ մեջլիսի նախագահ չի ընտրվում, ապա չորրորդ փուլ են անցնում ամենաշատ ձայն հավաքած 2 թեկնածուները, որտեղ էլ ընտրվում է ամենաշատ ձայն հավաքած անձը:

Էրդողանը նախագահի պաշտոնը ստանձնելու երդման արարողությունից հետո կնշանակի նախարարների, ինչպես նաև փոխնախագահների:

Հունիսի 24-ի ընտրություններից հետո ուժի մեջ են մտնում 2017 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով նախատեսվող փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ. նախագահն իրավունք է ստանալու նշանակելու պետական բարձրագույն պաշտոնյաների, օրինակ նախարարների ու փոխնախագահների, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից անցնում է նախագահին:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am