Էրդողանը հաղթեց, բայց իր ղեկավարած կուսակցությունն ունեցավ վարկանիշի անկում. Սաֆրաստյան

Armenpress 14:25, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ առաջիկայում կտեսնենք Էրդողանի կողմից միանձնյա կառավարում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայնը  նշեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր:

«Նա ժողովրդի քվեները ստանալու համար խոստացել էր վերափոխումներ, և, ինչպես ինքն է նշել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիա: Այդուհանդերձ, թեպետ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, դաշինքի մեջ մտնելով, հաղթեց, բայց, ըստ էության, արձանագրեց 7 տոկոս ձայների պակաս, քան նախկին ընտրություններում ունեցել էր: Սա նշանակում է, որ  կուսակցության հեղինակությունը սկսում է  անկում ապրել, և դա հասականալով՝ Էրդողանը գնաց վաղաժամ ընտրությունների»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ Էրդողանի կուսակցության հեղինակության անկումը պայմանավոված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը թուլացել են, թուրքական լիրայի կուրսը բավական անկում է ապրում, երկրում սոցիալական վիճակը փոխվել է:

Խոսելով Էրդողանի  «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքի մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ ազգայնական տարրերը լայն տարածում կունենան:

«Ինչպես գիտեք, «Ազգայնական շարժում» կուսակցության մեջ պառակտում եղավ, բայց կուսակցության ղեկավարն այնպես կազմակերպեց քաղաքական գործընթացները, որ Էրդողանի կուսակցության հետ մտան դաշինքի մեջ և պահպանեցին իրենց ձայները: Կարծում եմ, որ առաջիկայում պանթուրքիստական գաղափարները նոր պայմաններում ոչ միայն պահպանվում են, այլև տարածում են ստանալու, մեծ ազդեցություն են ունենալու Թուրքիայի քաղաքականոթյան վրա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարևոր համարեց քրդամետ համարվող Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության ձեռքբերումը՝ մտնելով խորհրդարան: Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ մինչ ընտրությունները հարցումներն իրարամերժ արդյունքեր էին ցույց տալիս, և խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելը հարցական էր, սակայն կուսակցությունը կարողացավ դա անել:

«Եվ դա արվեց այն պայմաններում, երբ այս կուսակցության դեմ աննախադեպ ճնշումներ իրականացվեցին, կուսակցության ղեկավարությունը մեծ մասն էլ գտնվում էր բանտերում: Այս կուսակցությունը ճնշումների պայմաններում կարողացավ մտնել խորհրդարան: Սա վկայում է այն մասին, որ քրդական հարցը Թուրքիայում ոչ միայն պահպանում է իր սրությունը, այլև գնալով, կարծում եմ, որ այդ ուղղությամբ մոտակա տարիներին լուրջ զարգացումներ կլինեն»,-ավելացրեց թուրքագետը:

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48): ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67, «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններում գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am