1000х90.jpg (78 KB)

ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավարի ընտրությունը հետաձգվել է մինչև աշուն

Armenpress 14:18, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 25-29-ն անցկացվող նստաշրջանի օրակարգը հագեցած է: Ակնկալվում էր, որ կընտրվի նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նոր ղեկավար, սակայն ընտրությունը հետաձգվել է: «Խմբի բյուրոն, որի անդամ եմ նաև ես, որոշել է հետաձգել խմբի ղեկավարի ընտրությունը մինչև աշնանային նստաշրջան: Պատճառը վերջին երկու տարվա ընթացքում խմբում առկա մթնոլորտը և տարաձայնություններն են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` հետաձգումը հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվել ընտրություններին և վերականգնել խմբի միասնականությունը:

ԵԺԿ խմբի նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական էր տվել անցած նստաշրջանի ընթացքում` Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ու կոռուպցիոն հանձնաժողովի հրապարակած զեկույցի պատճառով:

«Խմբի բյուրոյի նիստն ավելի կառուցողական էր, քան երբևէ: Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերը ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկած նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև ԵԽԽՎ անդամ երկրներում, մասնավորապես` Ադրբեջանում, Թուրքիայում ու Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանների և այդ հարցերով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումների հարցը: Կքննարկվի Ադրբեջանում 2018թ. ապրիլի 11-ին անցկացված նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության զեկույցը:  

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am