Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները

Armenpress 13:16, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հայտարարություն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ,

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:

Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար:

Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:

Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ:  

Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել t.galstyan@mincult.am էլեկտրոնային փոստին»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am