ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Armenpress 15:51, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու ներդաշնակ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը:

Տավուշի մարզում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ:

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ: Դավիթ Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am