Բարեգործությունը և լավ ժամանցը մեկտեղվեցին «Մամա Բալիկ Ռան 2018»-ում

Armenpress 15:29, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործություն իրականացնելու նպատակով շուրջ 150 մայր և երեխա հաղթահարեցին 1 կմ երկարությամբ վազքը` մասնակցելով «Մամա Բալիկ Ռան 2018»-ին:

Միջոցառումն անցկացվեց հունիսի 23-ին Կիրովի անվան մանկական զբոսայգում:

«Երկու անգամ միացել ենք Երևանի կիսամարաթոնին և մեկ անգամ Երևանի գարնանային վազքին: Բոլոր առիթներով էլ բարեգործական նպատակ ենք հետապնդել` աջակցելով որևէ հասարակական, սոցիալական նախաձեռնության: Այս միջոցառումը անվանում ենք մրցավազք, բայց իրականում այն բարեգործական, խորհրդանշական իրադարձություն է, որտեղ հաղթող են բոլորը»,-«Արմենպրես»-ի   հաղորդմամբ` նշեց «Մամաֆորում» հարթակի հիմնադիր Մարիամ Մովսիսյանը:

Նա հավելեց` «Մամա Բալիկ Ռան»-ի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է «Նիմբա» սոցիալական ձեռնարկությանը։ Այն տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն առաջարկում է որակյալ և հատուկ դիզայնով հայաստանյան արտադրություն։ Արտադրում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրերը։

Մրցավազքի մասնակից տասը ամսական Լեոյի մայր Լինա Հովհաննիսյանն ասաց, որ շատ է կարևորում այս միջոցառումը, քանի որ կարողանում են իրենց լուման ներդնելով բարի գործի մաս կազմել: «Բացի այդ, լավ հարթակ է ստեղծվում այլ մայրերի, երեխաների հետ ծանոթանալու և լավ ժամանակ անցկացնելու համար»,-խոստովանեց նա:

Մարաթոնին իր երեք երեխաների հետ մասնակցում էր նաև հեռուստահաղորդավար Մերի Ներսիսյանը: Նա շեշտեց, որ իրեն հետաքրքրում է մայրերին և երեխաներին վերաբերող յուրաքանչյուր միջոցառում, հատկապես, եթե այն բարեգործության տար է պարունակում: «Ե՛վ օգնում ենք մարդկանց, և՛ լավ ժամանակ անցկացնում»,-նշեց նա:

Մրցավազքի մեկնարկից առաջ բոլոր մասնակիցները բարձր երաժշտության ներքո նախավարժանք արեցին: Մարաթոնից հետո փոքրիկ վազորդները գունավոր փուչիկներ և մեդալներ ստացան, իսկ առաջինը եզրագիծը հաղթահարած մայրիկներն ու փոքրիկները խորհրդանշական նվերների արժանացան:

«Մամա Բալիկ Ռանը» երկու տարի անընդմեջ մոտիվացնում է մոբիլիզացնում է ակտիվ մայրիկներին իրենց բալիկների հետ մասնակցել մրցավազքի և աջակցել սոցիալական ու բարեգործական ծրագրերի:

Միջոցառումը կյանքի կոչվեց է «ՄամաՖորում» հարթակի, «Armenia Charity Runners» բարեգործ վազորդների թիմի նախաձեռնությամբ և «Awesome Foundation Yerevan»-ի աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am