Ռազմական ոստիկանության բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել են զենք- զինամթերք և զինվորական հանդերձանք

Armenpress 13:50, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով: Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:  Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: 

Ծանուցում. Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am