«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից

Armenpress 21:28, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Սելթիկի» հետ հակամարտությանը պատրաստվող «Ալաշկերտը» երրորդ ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմի կազմն է համալրել սերբ կենտրոնական կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչը, ով «Ալաշկերտ» է տեղափոխվել հունգարական առաջատար ակումբներից «Դեբրեցենից»:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի ուժեղագույն ակումբներից մեկում` «Վոյվոդինայում», խաղացել է նաև «Պրոլետերում», «Վոժդովացում», «Հայդուկում»: Սեկուլիչն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայում` դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

2015/2016 մրցաշրջանում սերբ կիսապաշտպանը 8 հանդիպում է անցկացրել «Վոյվոդինայի» կազմում Եվրոպայի լիգայում` մասնակցելով նաև իտալական «Սամպդորիայի» և Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am