Ծափաթաղում բացվել է երաժշտական եւ արվեստի խմբակներ

Armenpress 15:03, 22 Հունիս, 2018

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Ծափաթաղ գյուղում տեղական միջոցներով արդեն մեկ շաբաթ է, ինչ բացվել եւ գործում են երաժշտական եւ արվեստի մի քանի խմբակներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, խմբակների բացմանը նախորդել են մշակույթի տան հիմնանորոգումը, երաժշտական գործիքների եւ համապատասխան գույքի ձեռքբերումը, մայրաքաղաքից մանկավարժ մասնագետների հրավիրումը, որոնց վարձատրության համար տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 2 միլիոն 100 հազար դրամ:« Ծափաթաղի մշակույթի տանն արդեն բացվել եւ գործում են երգի, պարի, նկարչության եւ ձեռագործության խմբակները: Մեր միջոցներով ձեռք բերված «Գազել» մակնիշի մեքենայով Ծափաթաղ է տեղափոխվում համայնքի մյուս բնակավայրերից 70 երեխա, որոնք ընդգրկված են տարբեր խմբակներում: Համայնքում մշակութային կյանքն աշխուժացնելու համար այլ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել նաեւ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում»,-ընդգծեց Սուլիկո Շուշանյանը: 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am