Մտքի և մարմնի ներդաշնակություն. Յոգայի միջազգային օրը Հայաստանում նշվեց հետաքրքիր տոնակատարությամբ

Armenpress 21:38, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5000-ամյա պատմություն ունեցող յոգան ծագել է Հնդկաստանում: Դրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև, առողջության և բարեկեցության ամբողջական մոտեցում:

Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 21-ին Թումանյանի այգում գեղեցիկ միջոցառում իրականացվեց:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Ինչպես ասում է Հնդկաստանի վարչապետը, յոգան այն մասին չէ, թե ինչ եք ձեռք բերում, այլ այն մասին է, թե ինչ եք դեն նետում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը:

Հնդկաստանից Հայաստան ժամանած յոգայի վարպետ Արտի Կիրանի խոսքով` յոգան  ապրելու արվեստ է: «Յոգայի կարևոր բաղկացուցիչն են տարբեր վարժությունները, որոնց օգնությամբ մարդը կարողանում է ինքնամաքրվել և խաղաղություն ձեռք բերել»,-շեշտեց մարզիչը:

Նա ասաց, որ Հայաստան է եկել հունվարին և փաստեց, որ մեր երկրում յոգայով զբաղվող երիտասարդների թիվը փոքր չէ, և, կարծում է, որ այս միջոցառումից հետո ներկաներից շատերը մշտական պարապմունքների կհաճախեն:

Միջոցառման մասնակից Լուսինե Խաչատրյանը պատմեց, որ յոթ տարի է յոգայով է զբաղվում և դասավանդում է: «Յոգան մարդուն նախևառաջ առողջություն, հոգևոր խաղաղություն է տալիս, մտավոր հանգստություն  պարգևում»,-շեշտեց նա:

Միջոցառմանը նույն շապիկները կրող բազմաթիվ մարդիկ մեծ եռանդով ու ոգևորությամբ կրկնում էին այն բոլոր վարժությունները, որոնք ցույց էր տալիս մարզիչը` ձգտելով հասնել հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության:

Երեկոն իրականացվեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ:

2014 թվականի սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Նույն թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունիսի 21-ը, քանի որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am