1000х90.jpg (78 KB)

Հակոբ Արշակյանը մասնակցում է Արևելյան Գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը

Armenpress 21:05, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման լիագումար նիստում քննարկվել են լայնաշերտ կապի զարգացմանը, տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA-ի) կիրառության նպատակահարմարությանը, կիբերանվտանգությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող  և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գործընկերության երկրների պատվիրակությունների, ինչպես նաև աշխատանքային խմբի ղեկավար, Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Սերգեյ Պոպկովի հետ։

Եվրոկոմիսարներ Յոհաննես Հաննի և Մարիա Գեբրիելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների, արհեստական բանականության, ստարտափների աջակցությանը և կադրերի պատրաստմանը վերաբերող խնդիրները։  Թվային տնտեսության և հանրության եվրոկոմիսար Մարիա Գեբրիելի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։

Օրակարգի շուրջ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև պատվիրակությունների ղեկավարների հետ։ Նախարարի առաջին տեղակալը աշխատանքային հանդիպում է ունեցել «Ինտեգրալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սոլոդուխայի հետ։ Բելառուսական ընկերությունը զբաղվում է միկրոէլեկտրոնիկայի նախագծմամբ և արտադրությամբ։ «Ինտեգրալ»-ը տրանզիստորների թեստավորման համար օգտագործում է հայկական «Անի տեստ» ընկերության արտադրած ավտոմատ թեստավորման համակարգերը:

Հակոբ Արշակյանին հանդիպման ընթացքում ուղեկցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպանությունում Հայաստանի առևտրական կցորդ Կարեն Եսայանը։

Հայկական կողմը ընկերության ղեկավարին հրավիրել է Հայաստան` երկկողմ համագործակցության հնարավորությունները քննարկելու` կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման ոլորտում:

Հակոբ Արշակյանը բելառուսական Բիքլաուդ կենտրոնացված տվյալների մշակման կենտրոնի տարածքում հանդիպել է նաև «Սոֆթլայն» ընկերության հետ։ Քննարկվել են Հայաստանում «Data center»-ի ստեղծման նախագծին առնչվող հարցեր։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am