1000х90.jpg (78 KB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային

Armenpress 20:40, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը:

Պետր Միկիսկան ողջունել է ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ Չեխիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն իր առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Դեսպանը տեղեկացրել է, որ չեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին ՀՀ կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար ու անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am