1000х90.jpg (78 KB)

Լևոն Վահրադյանն ընդունել է ՀՀ և ՌԴ ցատկացանցի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

Armenpress 18:11, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ցատկացանցի (բատուտ) ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի և ՌԴ բատուտի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Եմելյանովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել այն մեծ աջակցության համար, որ ՌԴ բատուտի ֆեդերացիան ցուցաբերում է հայ գործընկերներին: «Կարծում եմ, որ մարզաձևի ռուս վարպետների՝ իրենց փորձառությունը հայ մասնագետներին փոխանցելու պատրաստակամությունն արժանի է միայն բարձր գնահատականի: Իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իր լիազորությունների սահմաններում, պատրաստ է օգնել ցատկացանց մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է  Վահրադյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ նախատեսում են ռուս բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ կազմակերպել հայ գործընկերների համար: «Աջակցությունը կարող է լինել ինչպես մարզչական, այնպես էլ մեթոդական և կազմակերպչական»,- ասել է Օ. Եմելյանովը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ցատկացանցի աշխարհի չեմպիոն, վորոնեժաբնակ Սերգեյ Ազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am