1000х90.jpg (78 KB)

Հայանիստի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից. պարզաբանում են նախարարությունն ու «Վեոլիա Ջուրը»

Armenpress 11:05, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Հայանիստ համայնքում բնակիչները տարիներ շարունակ բողոքում են խմելու ջրի որակից՝ նշելով, որ դրանում նստված է առաջանում: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ փաստում են, որ այդ և նման խնդիր ունեցող մնացած համայնքներին ընկերությունը կարողանում է լեռնային աղբյուրներից եկող ջուր մատակարարել միայն որոշակի ամիսների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ խնդիրը տասնամյակներ շարունակ գոյություն ունի, սակայն խնդրի մեղավորության իրենց բաժինն ունեն հենց գյուղացիները: «Ոռոգման սեզոնին, որոշ բնակիչներ, ապօրինի ջրագծերի միջոցով վերցնում են աղբյուրներից եկող ջուրն ու օգտագործում անգամ ոռոգման նպատակներով, իսկ մեզ այլ ելք չի լինում, քան բնակիչներին տալ ջուր՝ խորքային հորերից»,-ասաց Սարգսյանը, հավելելով, որ տարեկան ընկերությունը 4000-5000 ապօրինի ջրագիծ է հայտնաբերում:

Մուրադ Սարգսյանը նշեց, որ նույն խորքային ջուրը բնակիչներին մատակարարել է նաև նախկին օպերատոր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, և 2017 թվականի հունվարի 1-ից գործունեություն ծավալելով՝ ներկայիս օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը կարողացել է հասնել նրան, որ բնակչները աշնանից մինչև գարնան վերջ ստանում են լեռնային աղբյուրներից եկող բարձրորակ ջուր: «Ոռոգման սեզոնին ապօրինի ջրագծերով ջուրը այլ կարիքների համար է օգտագործում և ստացվում է այնպես, որ ամռանը մենք որոշակի ջրի անբավարարություն ենք ունենում և դրա փոխարեն ստիպված ենք լինում միացնել խորքային հորերը, ինչը մեզ համար ոչ միայն ջրի որակի խնդիր է, այլև ծախսի, որովհետև այդ ջրերը պոմպերով են աշխատում, իսկ դա թանկ է»,-նշեց ընկերության մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ խմելու ջրի հետ կապված խնդիրներում առաջին հերթին շահագրգռված է հենց «Վեոլիա Ջուր» ընկերությունը: «Եթե մեկը ենթադրում է, որ ջմրուղը չարանենգորեն լեռնային ջուր չի տալիս մարդկանց և մարդիկ ստիպված են լինում խմել խորքային ջուր, սխալվում են: Մենք այդ թանկ ջրից ուրախությամբ կհրաժարվեինք»,-պարզաբանեց նա:

Մուրադ Սարգսյանը նաև նշեց, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում ընկերությունը փոխել է ջրագիծը, սակայն ապօրինությունների դեմ պայքարը դեռ խնդիր է մնում: «Մարդիկ պետք է գիտակցեն, որ խմելու ջուրն անհրաժեշտ է օգտագործել ըստ նշանակության»,-հավելեց Սարգսյանը՝ հորդորելով բնակիչներին համբերել մինչ ոռոգման սեզոնի ավարտը:

Նա վստահեցրեց, որ խորքային ջուրը ևս նախատեսված է խմելու համար և համապատասխանում է խմելու ջրի չափանիշներին:

ՀՀ առողջապահության  նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արարատի մարզի Հայանիստ համայնք մտնող ջրատարի ջրի որակը ստուգվել է հունիսի 14-ին և որևէ մանրէաբանական շեղում չի հայտնաբերվել: «Ամիսը մեկ անգամ հիգիենիկ, համաճարակային անալիզներ են արվում՝ պարզելու համար հիմնական ջրատարի մեջ մարէաբանական շեղումներ կան, թե ոչ»,-ասաց գերատեսչության խոսնակը՝ հավելելով, որ գնալով բարձրացրած խնդրի հետքով, արտահերթ ստուգում իրականացնելու հանձնարարական կտրվի և նորից կստուգվի գյուղ մտնող ջրատարի ջուրը:

Հայանիստ համայնքի բնակիչների այն մտահոգությանը, որ խմելու ջուրը բաժակում պահելիս նստվածք է առաջանում, առողջապահության նախարարությունից հավաստիացրեցին, որ դա կարող է լինել տեխնիկական պատճառ և պարտադիր չէ, որ ջուրն ունենա մանրէաբանական աղտոտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am