1000х90.jpg (78 KB)

Դավիթ Տոնոյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Armenpress 18:01, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2018թ.-ի համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարևորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am