ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ է շնորհել Հրանտ Դավթյանին

Armenpress 17:25, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը շնորհել է դաշինքի  համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հրանտ Դավթյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն Հրանտ Դավթյանին պատգամավորական մանդատ տալու որոշում ընդունեց հունիսի 20-ին կայացած հերթական նիստի ընթացքում:

Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝ 12-րդ ընտրական տարածքից: Նրա թափուր մանդատը պետք է բաժին հասներ նույն ընտրական տարածքում Սիմոնյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուին, սակայն նույն ընտրական տարածքում դաշինքի տարածքային ցուցակում ընդրկգված մյուս բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ այդ պարագայում թափուր մանդատը տրվում է դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ուժը կորցրած  ճանաչեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումները: Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Թամարա, Վոլոդյայի Սարգսյանը, Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը, Նաիրի Էդիկի Բախշյանը, Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը, Սլավիկ Սուրենի Ամիրյանը, Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը, Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը, Դավիթ Խաչիկի Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am