ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ

Armenpress 16:28, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին հանդիպել է  «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են բանակային կյանքի ամենատարբեր կողմերին՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչև կրթության ու ժամանցի կազմակերպում և սոցիալ-կենցաղային պայմաններ:

Անդրադարձ է կատարվել նաև ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել անանուն հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ զորացրված զինծառայողների համար ստեղծելով կարծիք արտահայտելու առավել անկաշկանդ պայմաններ:

Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ «Դիտակետի» պատասխանատուներն ընդգծել են, որ դաշտային աշխատանքների՝ հարցումների փուլն ավարտվել է, և այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am