Սմբատաբերդը՝ պատմամշակութային կարևոր նշանակության, նաև զբոսաշրջային վայր 

Armenpress 11:20, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օրեր առաջ ընդունեց որոշում, որով նախատեսվում է ստեղծել «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը: Այդ տարածքում է գտնվում 5-րդ դարում հիմնված և 10-14-րդ դդ. հզորացած Սմբատաբերդ ամրոցը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստան այցելող հարյուրավոր զբոսաշրջիկների գրավող բերդը:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Սմբատաբերդի պաշտպանական մեծ նշանակությունը

Սմբատաբերդը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Բերդը հիմնադրվել է 5-րդ, ամրացվել՝ 10-րդ դարում։ Ստրաբոնը իր աշխատություններից մեկում հիշատակել է՝ «Symbace», այսինքն՝ Սմբատի տեղ: Դա նշանակում է, որ բերդը հավանական է, որ եղել է դեռևս 5-րդ դարից շուտ, երբ Հայաստանն ընկել է հռոմեական տիրապետության տակ: Բերդը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2 000 մետր բարձրության վրա: Պարիսպները 3 մետր լայնություն ունեն: Հայաստանի բերդերից ամենալայն պարիսպներ ունեցողն է այն՝ իր աշտարակներով, զորանոցներով: Բերդը հյուսիսից, հարավից, արևելքից ներխուժման փորձերի դեմ եղել է շատ ուժեղ պատվար: Այն Սյունյաց աշխարհի մուտքը պահող հզոր բերդերից է եղել: Սմբատաբերդը հանդիսացել է Արտաբույնքի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն:

Բերդի անվան հանելուկը

«Սմբատաբերդ» անվանումը կապված է Սյունյաց Սմբատ իշխանի անվան հետ: Կա նաև վարկած, որ բերդն այդպես է կոչվել՝ ի պատիվ Սմբատ Բագրատունի թագավորի: Երրորդ վարկածի համաձայն՝ անունը կապված է Սմբատ Օրբելյանի հետ: Ոչ ոք հստակ չգիտի, թե որ Սմբատի պատվին է բերդն այդպես կոչվել: Բերդի անվանման մասին ժողովուրդն իմացել է Արտաբույնք գյուղի բնակիչներից:

Սելջուկների խորամանկ քայլը

Ըստ ավանդույթի՝ Սմբատաբերդը հնարավոր չի եղել գրավել: Ցաղաց քար եկեղեցուց բերդ ջրամատակարարման համակարգ է անցել, որից օգտվել են բերդում պատսպարված մարդիկ։ Ասում են՝ երբ ջորիին ծարավ են պահում, նա փնտրում և գտնում է ջրի ակունքը: Սելջուկները բերել են ջորի, ջուր չեն տվել երկար ժամանակ, ինչի արդյունքում էլ նա գտել է ջրի ակունքը: Նրանք քանդել, կտրել են բերդ-եկեղեցի ջրի մատակարարումը, և բերդում պատսպարված մարդիկ ստիպված հանձնվել են։

Բերդի բնակիչները

Հավանական է, որ բերդում ապրել են Սյունյաց իշխանները: Այն եղել է Սյունիքի տիրապետության տակ: Դրանից հետո այստեղ իշխանություն են հաստատել Օրբելյանները: Ասում են՝ Օրբելյանները բերդը հզորացրել են 12-13-րդ դարերում:

2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի  

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am