«Սելթիկ»-ի դեմ խաղում վախենալու ոչինչ չկա.Վարուժան Սուքիասյան

Armenpress 22:55, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մեկնաբանեց վիճակահանության արդյունքները և կիսվեց «Սելթիկի» հետ դիմակայությունից ակնկալիքներով:

«Մեզ ուժեղ մրցակից է բաժին հասել, որին, իհարկե, հարգում ենք: Բայց, վախենալու ոչինչ չկա: Պետք է կազմակերպված գործենք երկու խաղերում, ցուցադրենք նախաձեռնող ֆուտբոլ և փորձենք մեր կամքը թելադրել մրցակցին: Պետք չէ մոռանալ որ մենք հավաքականի կազմում միջազգային փորձ կուտակած մի շարք ֆուտբոլիստներ, ինչպես նաև` փորձառու լեգիոներներ ունենք մեր կազմում: Ամենայն լրջությամբ ենք պատրաստվում «Սելթիկի» հետ դիմակայությանը: Ամեն ինչ կանենք` գեղեցիկ խաղ ցուցադրելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Շվեյցարիայի Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբներից «Սելթիկին»: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am