1000х90.jpg (78 KB)

Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Armenpress 20:36, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարապի լճի հարակից տարածքում հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի փառատոնը կրում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագիրը: Մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից:

Փառատոնի շրջանակում հանդիսատեսները նաև հնարավորություն կունենան հանդիպել տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների և կինոգործիչների հետ: Միաժամանակ, Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:

Հիշեցնենք, որ փառատոնն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am