Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Armenpress 20:05, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար:

Դեսպան Դաղերին ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ աշնանը մեր երկիր է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am