Նիկոլ Փաշինյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Armenpress 20:03, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների գործադիր մարմինների սերտ համագործակցությունը կնպաստի ճապոնական կապիտալի ներգրավմանը հայաստանյան շուկա:  

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Այդ համատեքստում, կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար և հավելել, որ այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am