Արթուր Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հայ- ճապոնական համագործակցության հեռանկարները

Armenpress 19:01, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝  նախարարը շնորհակալություն է  հայտնել Ճապոնիայի  կառավարության կողմից Հայաստանի  էներգետիկայի բնագավառին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առկա  փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական:

Դեսպան Յամադայը կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ այն նոր ազդակ կդառնա ներդրումների ներգրավման համար:

Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։

Հանդիպման ավարտին դեսպան Ջուն Յամադայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am