1000х90.jpg (78 KB)

Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Armenpress 15:38, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենքը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, բազմաբովանդակ քննարկումների է ենթարկվել մինչև այս պահը՝ շեշտելով, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում քննարկման առարկա է այն տեսանկյունից, թե արդյոք ճիշտ ուղղություն է ընտրված: «Այս հարցի նկատմամբ անտարբեր չի եղել նաև հայաստանյան հանրությունը: Այս տեսանկյունից հստակ է, որ դեռևս քննարկումների կարիք կա ընդհանրապես համակարգի ներդրման իմաստով՝ հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ և իրարից տարբերվող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 200 հազար մասնակից կա Հայաստանում: «Մյուս կողմից՝ գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից պոտենցիալ մասնակիցները ևս դառնում են համակարգի մասնակից: Առաջարկվող կարգավորման անհրաժեշտություն է, որովհետև նախկինում քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը մենք կհասցնենք ավարտել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման գործընթաց, սակայն այն դեռևս ավարտված չէ: Իսկ այս հարցը եկամտային հարկի հետ կապելու տրամաբանությունն այն է, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամուտների վրա այս օրենսդրական պահանջի կիրառումը ազդեցություն պետք է չունենա»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ դրա համար առաջարկում են կարգավորում, ըստ որի նախկինում գործող համամասնությունը՝ 5 տոկոս քաղաքացու, 5 տոկոս պետության կողմից, փոխարինվելու է 2.5 տոկոս և 7.5 տոկոս համամասնության. այսինքն՝ քաղաքացին վճարելու է աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: «Այս կարգավորումն է ներկայացված, որի նպատակը պիտի որ ընկալելի ու պարզ լինի, որովհետև այս պահին համակարգի մասնակից քաղաքացիներին փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր համակարգի մասնակից կլինեն հուլիսի 1-ից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը նաև բացատրեց, թե ինչի համար է կուտակային կենսաթոշակային համակարգն անհրաժեշտ Հայաստանի համար: «Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ մեզ մոտ կենսաթոշակն ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա տրամաբանական հարցադրում է, քանի որ դա այն անհրաժեշտությունն է, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացին արժանապատիվ կյանք ունենա: Սակայն դրան հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան կենսաթոշակային տարիքում»,- եզրափակեց Ջանջուղազյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am