Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել

Armenpress 15:24, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում հունիսի 16-ին կազմակերպվեց ավանդույթների մշակույթի և նորարարական տեխնոլոգիաների միջազգային Ագրարային առաջին փառատոնը` «Odessa-Agro-Fest», որի կազմակերպիչներն էին «Օդեսայի դիվանագիտական ակումբը», Օդեսայի Հայ համայնքը (Ուկրաինայի հայերի միություն, ՈւՀՄ), տեղական գիտահետազոտական ինստիտուտները և բուհերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Իր ողջույնի խոսքում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին, կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալու տարբեր ժողովուրդների մշակույթներին և նորարարություններին: Գլխավոր հյուպատոսը նաև ողջունեց փառատոնի անցկացումը Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում՝ ընդգծելով հայ համայնքների նշանակալի դերը երկրի մշակութային կյանքում: 

Փառատոնի տաղավարներում ներկայացված էին զանազան գյուղմթերք, գինիներ, նոր տեխնոլոգիաների միջոցով ստացված գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութեր և այլ ապրանքներ: Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին հայկական, ուկրաինական, բուլղարական երգեր և պարեր:         

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի և Վրաստանի գլխավոր հյուպատոսները, Սիրիայի, Բուլղարիայի, Սլովակիայի պատվո հյուպատոսությունների ներկայացուցիչները, ինչպես նաև գիտնականներ և գիտահետազոտական հիմնարկների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am