«Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան  

Armenpress 13:04, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակումբային առաջնության հաղթող` «Chessify» թիմի անդամ Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով, թիմի հաջողության գրավականը լավ թիմն էր:

«Հայաստանի շախմատի ակումբային առաջնությանը մասնակցում էին 8 թիմ: Մեզ հաջողվեց բավականին ուժեղ կազմ հավաքել: Սակայն պետք է նշեմ, որ մյուս թիմերի կազմերում ևս կային ուժեղ գրոսմայստերներ: Օրինակ` Էջմիածնի թիմը գլխավորում էր Ռոբերտ Հովհաննիսյանը, Երևանի թիմը գլխավորում էր մեր սիրելի Ռաֆայել Վահանյանը: Մեզ հաջողվեց 7 խաղում էլ հաղթանակ տոնել: Երկրորդ տեղում Էջմիածինը ներկայացնող թիմն էր: Իսկ եռյակի վերջում Գրոսմայստերական դպրոցի ներկայացուցիչները»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր-Սահակյանը:

«Chessify»-ը ակումբային առաջնության 7 տուրում վաստակեց 14 միավոր: Գրեթե բոլոր խաղատախտակների վրա ուժեղագույնը ճանաչվեցին «Chessify» թիմի անդամները. առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց «Chessify»-ի առաջատար և Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, երկրորդ խաղատախտակի վրա Գրոսմայստերական դպրոցից Մանուէլ Պետրոսյանի և «Chessify»-ցի Զավեն Անդրիասյանի արդյունքները հավասար էին, սակայն Պետրոսյանն այդ արդյունքին հասել էր ավելի շատ պարտիաներ խաղալով, և ոսկին հանձնվեց հենց նրան: 3-րդ խաղատախտակի վրա կրկին լավագույնն էր «Chessify»-ը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը, 4-րդ խաղատախտակի վրա «Chessify»-ի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը ցույց էր տվել 100-տոկոսանոց արդյունք, սակայն խաղացել էր ընդամենը երկու պարտիա, և նրա արդյունքը հաշվի չառնվեց: Արդյունքում ոսկին հանձնվեց «Լոգիկոնը» ներկայացնող Դավիթ Պետրոսյանին, 5-րդ խաղատախտակին լավագույնը «Chessify»-ն ներկայացնող Հովհաննես Գաբուզյանն էր, 6-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացավ Քանաքեռ-Զեյթունը ներկայացնող Վահրամ Մեժլումյանը: 1-ին պահեստային խաղատախտակի վրա լավագույն արդյունքը ցույց տվեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմի անդամ և նույն դպրոցի երկարամյա տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, իսկ 2-րդ պահեստային խաղատախտակի վրա լավագույնն էր «Chessify»-ի ներկայացուցիչ Արմենակ Եղիազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am