Արմյանսկի նրբանցքից՝ Լազարյանների շենք, հայկական մշակույթից՝ աշխատանք զբոսաշրջիկների հետ. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հանդես է գալիս զբոսաշրջային ծրագրերով

Armenpress 10:46, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում լայն շրջանակներին հայկական մշակույթը, հայաստանյան զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու ուղղությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին,  որ ակտիվ աշխատում են տեղի զբոսաշրջային ընկերությունների հետ, որպեսզի կազմակերպեն այցեր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, որի մի հատվածը յուրահատուկ թանգարանի է վերածվել: Այցելուների հետաքրքրությունը գրավելու գործը սկսվում է Լազարյաններին պատկանած, իրենից պատմական արժեք ներկայացնող դեսպանատան շենքից: 200 տարվա ընթացքում Մոսկվայում Արմյանսկի նրբանցքի հիմնական զարդը հայտնի Լազարյանների առանձնատունն է, որն այսօր ներկայանում է նոր տեսքով: 2017 թվականից կատարվում են վերանորոգման, վերականգնման աշխատանքներ:

Չնայած շենքի ներսում կատարվող աշխատանքներին, միևնույն է, կառույցի պատմությունը, սրահների յուրահատուկ ձևավորումն ու կահավորանքը, հայկական մշակույթը ներկայացնող ցուցանմուշներն անտարբեր չեն թողնում այցելուներին:

Այցելուների հոսք ապահովելու համար նախ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարբերաբար հանդես է գալիս բազմաթիվ մշակութային միջոցառումներով: Դրանց շրջանակում ներկայացվում է հայկական տարազը, հայ նկարիչների ստեղծագործությունները, կազմակերպվում են հայ գրողների գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև՝ հանդիպումներ հայ գրողների հետ և այլն: Ներկայում ցուցանմուշների շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մոմե արձանը՝ դաշնամուր նվագելիս: Մոմե արձանը դեսպանատանն է գտնվում ընթացիկ տարվա հունվարից: Ամիսներ առաջ Առնո Բաբաջանյանի հոբելյանի առթիվ դեսպանատան և «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ի ջանքերով բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կոմպոզիտորի մասին պատմող նյութեր, ճանաչված նկարիչների ստեղծագործություններ, որոնցում պատկերված է Առնո Բաբաջանյանը: Մոմե արձանը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում այցելուների շրջանում, այն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում: Դեսպանատանը նշում են, որ երբ Երևանում բացվի Առնո Բաբաջանյանի թանգարանը, ապա մոմե արձանը կփոխանցվի թանգարանին:

Մշակութային միջոցառումներին գումարվում է տեղի զբոսաշրջային կազմակերպությունների հետ աշխատանքը, որը նույնպես նպաստում է ակտիվ այցելություններ կազմակերպելուն: Յուրաքանաչյուր ամիս դեսպանատունը միջինն ընդունում է 200 այցելուի:

Դեսպանատան աշխատակիցները նշեցին, որ այցելուներին հայկական մշակույթը ներկայացնելուց բացի, ներկայացվում են նաև հայաստանյան զբոսաշրջային հնարավորությունները: Փորձը ցույց է տալիս, որ շատերն են հետաքրքրված Հայաստանով և հաճախ հանգիստը կազմակերպելիս նախընտրում են արևաշատ մեր երկիրը: Դեսպանատան աշխատակիցները ժպիտով նշում են՝ ռուսաստանցիների Հայաստան այցելությունը սկսվում է Արմյանսկի նրբանցքից:

Արդեն մեկ տարուց ավելի է ՀՀ դեսպանատունն իրականացնում է «Օքեյ, Արմենիա» զբոսաշրջային ծրագիրը, որն ուղղված է կորպորատիվ տուրիզմի զարգացմանը: Քայլեր են ձեռնարկվում, որ կորպորատիվ ընկերություններն իրենց խոշոր միջոցառումները կազմակերպելիս անցկացման վայրն ընտրեն Հայաստանը: Ծրագրի շրջանակում հայաստանյան հնարավորություններն արդեն ներկայացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Արդյունքները սպասեցնել չեն տալիս, արդեն հետաքրքրվողներ կան: Նախատեսվում է աշխատանքը շարունակել Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում: 

Աննա Գզիրյան

Լուսանկարները տրամադրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am