Սեփական ինքնության փնտրտուքներում. ֆրանսահայ Ռեբեկան Հայաստանում իր ընտանիքի պատմությանն առնչվող ցուցահանդես կներկայացնի

Armenpress 10:32, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրող լուսանկարիչ Ռեբեկա Թոփակյանին Հայաստան են բերել սեփական ինքնության փնտրտուքները: Հունիսի 20-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երևանյան գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակում բացվելու է լուսանկարչի «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» ցուցահանդեսը: 29-ամյա Ռեբեկան փաստում է՝ նոր ցուցահանդեսն իր ընտանիքի պատմությունն է, որով նա ինչ-որ առումով փորձել է բացահայտել նաև սեփական հայկական արմատները:

«Իմ պապիկը Ստամբուլի հայ էր, նախորդ դարում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա երբեք չի պատմել մեզ իր անցյալի մասին, ես հայերեն չգիտեմ, հայկական մշակույթի դաշտում չեմ մեծացել: Ես առաջին անգամ այստեղ եմ եկել մեկ տարի առաջ ու իմ ընտանիքին վերաբերող նախագիծ եմ սկսել: Նախագծի հիմքում իմ պապիկն է ու նրա ընտանիքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Ռեբեկա Թոփակյանը:

Լուսանկարիչը փաստում է՝ Հայաստանում բացվելիք ցուցահանդեսն անցյալի ու ներկայի յուրատեսակ համադրությունն է: Իր ընտանիքի լուսանկարները նա զուգորդել է Հայաստանում արված նկարների հետ:

«Մենք ոչինչ չգիտենք մեր հայկական արմատների, մեր նախնիների մասին: Միայն մի հեքիաթային պատմություն է մեզ հասել: Իմ պապիկի պապիկ (ապուպապ) Կարապետը Ստամբուլում «բաստուրմայի թագավոր» է եղել: Նա բաստուրմա էր վաճառում, և ասում էին, թե լավագույն վաճառողն էր: Նա սիրում էր Գյուլիզար անունով արքայադստերը: Գյուլիզարի ծնողները չէին ցանկանում, որ նա ամուսնանար Կարապետի հետ, բայց երիտասարդը ձիով առևանգում է նրան: Սա իմ նախագծի սկզբնակետն էր, որովհետև ընտանիքի մասին միակ պատմությունն է, որ ես գիտեի»,-նշում է Թոփակյանը՝ հավելելով, որ «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» վերնագիրը ցուցահանդեսի համար պատահաբար չի ընտրել, նախագիծը սեփական արմատների մասին է:  

«Ես նաև ինձ ծանոթ և անծանոթ երիտասարդ հայ տղամարդկանց նկարներ եմ օգտագործում՝ զուգահեռներ անցկացնելով անցյալի և իմ ընտանիքի նկարների միջև: Այստեղ լուսանկարել եմ իմ ընկերներին, ինչպես նաև անծանոթ մարդկանց: Ցուցահանդեսում 48 լուսանկար է ներկայացվելու: Ցուցահանդեսի համար օբսիդիանի քարերի վրա տպագրել եմ նաև մեր ընտանեկան լուսանկարները: Այդ քարերը ևս ներկայացնելու եմ միջոցառմանը»,-հավելեց Ռեբեկա Թոփակյանը:

Սորբոնում փիլիսոփայության և աշխարհագրության բակալավրի աստիճաններ ստանալուց հետո Ռեբեկա Թոփակյանը շարունակել է իր կրթական ուսումնասիրությունները Առլի (Ֆրանսիա) Լուսանկարչության ազգային դպրոցում (ENSP)`ավարտելով այն 2015 թվականին: Թոփակյանի աշխատանքները ցուցադրվել են մի շարք պատկերասրահներում, փառատոնների և արվեստի բիենալեների շրջանակում` Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս: Վերջերս լույս է տեսել նրա «Ինֆրա» խորագրով գիրքը, որը ներառում է մի շարք մարդկանց լուսանկարներ: Ռեբեկան փաստում է՝ նկարներն արել է տարբեր վայրերում (հերոսներն էլ տեղյակ չեն եղել, որ իրենց նկարում են) և դրանով փորձել է մարդկանց ցույց տալ առանց դիմակների: «Ինֆրա»-ի նկարները ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում:

Ի դեպ, լուսանկարչուհին հայերեն սովորելու մեծ ցանկություն ունի, երկրորդ հայրենիքը՝ Հայաստանը շատ է հավանել: «Հայաստանում ավելի լավ է, քան Ֆրանսիայում: Այստեղ առաջին իսկ պահից զգացել եմ, որ տանն եմ: Հայերը շատ լավն են, լավ վերաբերմունք են ցուցաբերում: Այստեղ ընդամենը մի քանի ամսում մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր դարձել են իմ լավագույն ընկերները:  Մտածում եմ նաև Հայաստան տեղափոխվելու մասին, թեկուզ տարվա մի մասն այստեղ եմ ցանկանում ապրել»,-մեզ հետ զրույցն եզրափակեց Ռեբեկան:

Հավելենք, որ Ռեբեկա Թոփակյանի «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԲԸՄ-Հայաստանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիան (ԱՄՀԼ): Նախագիծն իրականացվել է «Արվեստ-Հայաստան» հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի և «Արտ կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի (ԱՄՀԼ) շրջանակում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ռեբեկա Թոփակյանի և Էդուարդ Սեպետչյանի 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am