Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ է տեսնում

Armenpress 13:23, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփման դաշտում դրական մթնոլորտ կա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների դաշտում դրական մթնոլորտ է ձևավորված: Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված իր տեսահաղորդագրությունում նշել էր՝ ուրախ է, որ Պուտինը բաց է խոսում, և ինքն էլ է շատ բաց խոսում: Դա բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս »,-ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը կարևորեց նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին հենց ինքը հաշվետվության նման կարճ տեսահաղորդագրություն ուղղեց հանրությանը Մոսկվայից, որում ասաց, որ ունեցել է շատ դրական հանդիպումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունիսի 13-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Նիկոլ Փաշինյանը ներկա  է գտնվել Աշխարհի ֆուտբոլի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը նաև մասնակցել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am