«ՆորՖոլկ»-ի գործառույթներն առաջիկայում կիրականացնի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը

Armenpress 13:22, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունն այս պահին իր գործառույթները կատարում է Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ներկայում ընթանում է ընկերության լուծարային գործընթացը, որը կտևի երկու ամիս՝ պահպանելով օրենսդրության պահանջները: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ «ՆորՖոլկ»-ի գործառույթները հետագայում կկատարի նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը: «Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա հավելեց, որ այս ընկերության ստեղծմամբ ցույց են տալիս, որ պետությունն իր վրա է վերցնում ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի կողմից ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը: «ՆորՖոլկ»-ի կամ դրա «իրավահաջորդի» ծառայություններից չեն օգտվելու հագուստ ներկրող բրենդային կամ խոշոր ընկերությունները: Այն միայն ֆիզիկական անձանց համար է, ովքեր վերավաճառողներ են: Մենք նրանց հարցն ենք կարգավորում»,-նշեց Դավիթ Անանյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am