Պատմության անհայտ ծալքերում. երբ է ստեղծվել Հայաստանի առաջին ռադիոկայանը

Armenpress 23:55, 14 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի խորհուրդը 1918 թվականի նոյեմբերի 16—ին որոշում է ընդունում Երեւանում ռադիոկայան կառուցելու մասին։ Այդ նպատակով ներքին գործերի մինիստր Արամ Մանուկյանի անունով 200 000 ռուբլու վարկ է բացվում։ Նախորդ օրը Մինիստրների խորհրդի նիստի ժամանակ ռադիոկայան ունենալու անհրաժեշտության մասին զեկուցել էր հանրապետության մինիստր—նախագահ (վարչապետ) Հովհաննես Քաջազնունին (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 199 ցուցակ 1 գործ 11)։ Ռադիոկայան գնելու առաջարկով հանդես էին եկել Էնֆիաճյանը, Ղուլյանը, Աթաբեկյանը եւ Բերբերյանը, ովքեր այդ օրերին գտնվում էին Թիֆլիսում։
Արդեն 1919թ. մայիսի 12—ի Մինիստրների խորհրդի նիստի ժամանակ (ՀԱԱ, ֆ 199 ց 1 գ 43) որոշվում է 50 000 ռուբլով ռադիոկայան ձեռք բերել։ Կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր առջեւ դրված խնդրին, ռադիոկայանի ստեղծման աշխատանքները բավականին արագ են ընթացել։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ հունիսի 28—ին որոշվում է ուժեղ ռադիոկայանի (Շ«ռշՁտ ՈՁՃՅ«—ոՉՁշՋՅտ) աշխատանքներն ավարտին հասցնելու համար Ներքին գործերի մինիստրությանը հատկացնել 191. 620 ռուբլի։
Սեպտեմբերի 9—ին ռադիոկայանի կառուցման ընթացիկ աշխատանքները ներկայացնում են ինժեներներ Մանդինյանն ու Խուդադյանը։ Մինիստրների խորհրդի նիստի ընթացքում հանձնարարվում է ներքին գործերի մինիստր Ա. Գյուլխանդանյանին՝ գործի դրության հետ ծանոթանալուց հետո զեկուցում ներկայացնել 5 միլիոն ռուբլու ֆոնդից 50 000 ռուբլի հատկացնելու մասին։ Մեկ շաբաթ անց ներքին գործերի մինիստր Գյուլխանդանյանը զեկուցում է ռադիոկայանի աշխատանքների մասին։ Որոշում է ընդունվում Ռադիոկայանը հանձնել զինվորական մինիստրությանն այն պայմանով, որ այն գործածվի կառավարության ընդհանուր կարիքների համար։ Ստեղծվում է նաեւ Ներքին գործերի եւ Զինվորական մինիստրությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով գեներալ Շահբուդաղյանի նախագահությամբ, որը պետք է իրականացներ կայանի փորձարկման եւ ընդունման գործընթացը։
Առաջին ռադիոկայանն ուներ 9 կիլովատ եւ 17 ամպեր հզորություն եւ կարող էր տեղեկատվություն հաղորդել 1000 վերստ հեռավորությամբ։ Այն պատմության մեջ է մտել «Երեւանի ուժեղ ռադիոկայան» անվանումով՝ անփոփոխ մնալով մինչեւ 1926թ.։ Առաջին ռադիոկայանը սկսել է գործել 1919թ. սեպտեմբերի 25—ից։Ռադիոկայանի աշխատանքների կազմակերպման եւ աշխատակիցների վարձրատրության համար Մինիստրների խորհրդի 1919թ. հոկտեմբերի 6—ի նիստի ժամանակ առաջարկվում է 123 000 ռուբլի հատկացնել։ Տասը օր անց հավանության է արժանանում նաեւ «Ուժեղ ռադիոկայան»—ի հաստիքացուցակն ու նախահաշիվը։ Մինիստրների խորհրդի 1920թ. ապրիլի 15—ի նիստին փոխարինաբար եւս 264 000 ռուբլի է տրամադրվում ռադիոկայարանի կարիքների համար։
Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1926 թվականի սեպտեմբերի 1—ը, երբ Երեւանի երկաթուղային կայարանի վարչական շենքում տեղակայված ռադիոկայանից հեռարձակվել է 25 րոպե տեւողությամբ փորձնական ռադիոհաղորդումը։ Խորհրդային իշխանությունը հետեւողականորեն սրբագրում էր այն ամենը, ինչ վերաբերում էր Հայաստանի առաջին Հանրապետությանը։ Մինչդեռ արխիվային փաստաթղթերն ապացուցում են, որ Հայաստանի առաջին ռադիոկայանը ստեղծվել է դեռեւս առաջին հանրապետության տարիներին։ 
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am